Դատավորները կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ, կխստացվի արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը․ ի՞նչ փոփոխություններ կան նոր սահմանադրության նախագծում

Նոր սահմանադրության նախագծում փոփոխություններ են կատարվել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի հետ կապված հարցերում։ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» վերնագրով 20-րդ հոդվածով սահմանված է․ «Ընտրելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունքը, որից օգտվում են 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք ընտրությանը կամ հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեների պարագայում՝ նաև 18 տարին լրացած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը կամ տեղական հանրաքվեին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են տվյալ համայնքում»։ Մինչդեռ գործող սահմանադրությամբ՝ «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք»։

Նոր սահմանադրության նախագծի 24-րդ հոդվածով սահմանված է քաղաքացիությունից զրկելու կարգը։ Մասնավորապես ամրագրված է․ «քաղաքացիությունից զրկելը՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար՝ դատարանի որոշմամբ», իսկ գործող սահմանադրությամբ՝ նման դրույթ չկա, ընդհակառակը, սահմանված է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից»։

Սահմանադրության նոր նախագծով՝ «Զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է», իսկ գործող սահմանադրությամբ այս դրույթն այսպես է սահմանված «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»։

Նոր սահմանադրության նախագծով սահմանված է դատավորների վերագնահատում։ 85-րդ հոդվածով ամրագրված է․ «Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում իրականացվում է Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահին պաշտոնավարող դատավորների մեկանգամյա վերագնահատում»։ «Սահմանադրության ուժի մեջ մտնելու օրվանից սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավորները շարունակում են իրականացնել դատավորի լիազորությունները՝ որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև օրենքով սահմանված կարգով նրանց վերագնահատման արդյունքների հիման վրա դատավորի պաշտոնում նշանակումը կամ դատավորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների դադարեցումը»։ Գործող սահմանադրությամբ այսպիսի դրույթ նախատեսված չէ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment