Նոր Սահմանադրության նախագծում ընտանիքի պաշտպանությանը վերաբերող դրույթը պահպանվել է անփոփոխ

Քաղաքականություն

23.11.2026 | 13:30

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում ընտանիքի պաշտպանությանը վերաբերող դրույթը պահպանվել է առանց փոփոխությունների։ Նախագծի 11-րդ հոդվածով, ինչպես և գործող Սահմանադրության 16-րդ հոդվածով, ընտանիքը ճանաչվում է հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք։ Միաժամանակ ամրագրվում է, որ ընտանիքը, մայրությունն ու մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են։

Համեմատություն գործող Սահմանադրության հետ

Գործող Սահմանադրության 16-րդ հոդվածը սահմանում է.
«Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են»։

Նոր Սահմանադրության նախագծի 11-րդ հոդվածում այս ձևակերպումը կրկնվում է բառացիորեն։

Այսպիսով, ընտանիքի սահմանադրական պաշտպանության վերաբերյալ ներկայացված դրույթում բովանդակային կամ ձևակերպման փոփոխություն չկա։ Փոխվել է միայն հոդվածի համարը՝ 16-ից դառնալով 11։

Հիշեցնենք, որ գործող Սահմանադրության 35-րդ հոդվածով առանձին կարգավորվում է ամուսնանալու ազատությունը, իսկ 36-րդ հոդվածով՝ ծնողների իրավունքներն ու պարտականությունները։

Անահիտ Խաչատրյան

Leave a comment