Մեր նպատակը, Հայաստանի Հանրապետությունը հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է, մի երկիր, որը նաև ունի այնպիսի բանակ, որ ինքնուրույն կարող է պաշտպանել պետության սահմանների և միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23–ին, իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ուղերձը նվիրված է նոր սահմանադրության նախագծին, որը հրապարակվել է այսօր հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։
Փաշինյանը մասնավորապես, նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ես այս հարցի մեջ եմ դնում իմ ողջ քաղաքական, մարդկային ու բարոյական վստահելիությունը և ասում եմ, որ նոր սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն։ Սա աննախադեպ և պատմական իրավիճակ է ոչ միայն այն պատճառով, որ ունենալու ենք ինստիտուցիոնալ խաղաղություն, այլև այն պատճառով, որ ունենալու ենք խաղաղություն և անկախություն, խաղաղություն և պետություն։
Սա ըստ էության նոր վիճակ է մեր ժողովրդի պատմության համար, որովհետև մենք սովորաբար ունեցել ենք կամ խաղաղություն, կամ պետություն։ Խորհրդային Միության փլուզման շեմին թերևս հենց դրա համար է ստեղծվել Ղարաբաղի հակամարտությունը, որ խաղաղությունը երազանք դառնա և այն վերգտնելու երազանքը մեզ բերի պետությունից ու անկախությունից հրաժարվելու մտքին։
Եվ ուզում եմ ուղիղ ասել, որ Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը հենց այս տրամաբանությամբ է կառուցվել և այո, այդ հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին, բայց այսօր մեր նահատակների զոհողությունների, ձեր տառապանքների ու զրկանքների գնով»։