ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Միջերկրածովյան երկխոսություններ» (MED) համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կովկասում բարգավաճման վերականգնումը» խորագրով պանելային քննարկմանը։
ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ ձևավորված նոր, աննախադեպ իրողությունները և արձանագրված դինամիկան, այդ թվում՝ երկրների ինքնիշխանության ամրապնդման տեսանկյունից։ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ նոր հաղորդակցային և առևտրային կապերի ստեղծումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև շփումները նպաստում են խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը։
Նշվել է, որ ստեղծվող փոխկապակցվածության հնարավորությունները փոխշահավետ են բոլորի համար՝ ոչ միայն տարածաշրջանի երկրների համար, այլև Եվրոպայի ու Ասիայի միջև կապի ապահովման տեսանկյունից Վահան Կոստանյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը՝ ընդգծելով, որ ԹՐԻՓՓ-ը Հայաստանի անկախությունից ի վեր ամենախոշոր հաղորդակցային նախագիծն է և որպես Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղկացուցիչ մաս՝ ներկայացվել է նախագծի բազմամոդալ բնույթը՝ երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման ցանցեր, խողովակաշարեր և թվային կապ, ինչպես նաև նախագծի կարևորությունը էներգետիկ դիմակայունության ամրապնդման տեսանկյունից։
Անդրադառնալով Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դերին՝ նախարարի տեղակալը կարևորել է եվրոպական, այդ թվում՝ իտալական փորձի ներգրավումը տարածաշրջանային կապակցվածության զարգացման նախագծերում։
Քննարկմանը մասնակցել է նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլին։
ՀՀ ԱԳՄԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: