Աշնան վերջին լիալուսինը՝ Երկրին ավելի մոտ

Նոյեմբերի վերջին հնարավոր կլինի դիտել աշնան ամենագեղեցիկ աստղագիտական երևույթներից մեկը՝ «Կուղբի Լուսինը»։ Այսպես են անվանում նոյեմբերյան լիալուսինը։ 2026 թվականին այն առանձնահատուկ կլինի․ լիալուսնի պահին Լուսինը կգտնվի իր ուղեծրի՝ Երկրին ամենամոտ կետի մերձակայքում, և մենք կտեսնենք գերլիալուսին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Լիալուսինը կդիտվի նոյեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18։53-ին։ Մի քանի գիշեր շարունակ լուսնային սկավառակը գրեթե ամբողջությամբ լուսավորված կերևա։ Նոյեմբերյան երկնքում տեսանելի կլինեն նաև Բազումք աստղակույտը, պայծառ մոլորակներն ու ձմեռային համաստեղությունները։

Ե՞րբ դիտել լիալուսինը

Լիալուսնի ճշգրիտ պահը երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին է՝ Երևանի ժամանակով ժամը 18։53-ին։ Այդ պահին Արեգակի և Լուսնի՝ Երկրի կենտրոնից հաշվարկված խավարածրային երկայնությունների տարբերությունը կհասնի 180°-ի, իսկ Լուսնի՝ դեպի Երկիր դարձած կողմը գրեթե ամբողջությամբ լուսավորված կլինի։

Աստղագիտության մեջ լիալուսինը որոշակի պահ է։ Սակայն անզեն աչքով դժվար է նկատել լուսնային սկավառակի լուսավորվածության փոքր փոփոխությունները, ուստի նոյեմբերի 23-ից 25-ը՝ երեք գիշեր շարունակ, Լուսինը լի կթվա։

Դիտումների համար լավագույն ժամանակը նոյեմբերի 24-ի երեկոն է։ Մթնելուն զուգընթաց լուսնային սկավառակն ավելի հստակ կերևա։ Այն դիտելու համար բավական է պարզ երկինք և բաց հորիզոն․ աստղադիտակի կարիք չկա։

Ինչո՞ւ են նոյեմբերյան լիալուսինն անվանում «Կուղբի Լուսին»

«Կուղբի Լուսին» (Beaver Moon) անվանումը հայտնի է հյուսիսամերիկյան օրացույցներից և ժողովրդական ավանդույթներից։ Լիալուսինների՝ այսօր գործածվող անվանումներում միահյուսվել են Հյուսիսային Ամերիկայի տարբեր բնիկ ժողովուրդների և եվրոպացի վերաբնակների ավանդույթները։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունեցել է անվանակոչման իր սովորույթները։

Ուշ աշնանը կուղբերն ավարտում են ձմռան նախապատրաստական աշխատանքները․ ամրացնում են պատվարներն ու կացարանները, ճյուղեր և բուսական այլ կեր են պաշարում։ Սառնամանիքներն սկսվելուն պես նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում իրենց կացարաններում։ Մեկ այլ բացատրության համաձայն՝ անվանումը կապված է այն բանի հետ, որ Հյուսիսային Ամերիկայում նոյեմբերին ավանդաբար կուղբ էին որսում՝ մորթու համար։

Որքա՞ն կմոտենա Լուսինը Երկրին

Գերլիալուսին սովորաբար անվանում են այն լիալուսինը, որը տեղի է ունենում պերիգեյի՝ Լուսնի ուղեծրի՝ Երկրին ամենամոտ կետի մերձակայքում։ «Գերլիալուսին» եզրույթի համար միասնական աստղագիտական չափանիշ չկա, ուստի տարբեր աղբյուրների սահմանումները կարող են փոքր-ինչ տարբերվել։

Լուսնի ուղեծիրն էլիպսաձև է, ուստի Երկրի և Լուսնի միջև հեռավորությունն անընդհատ փոխվում է։ Միջինում այն կազմում է մոտ 384 400 կմ։ Նոյեմբերի 24-ին՝ լիալուսնի պահին, Երկրի և Լուսնի կենտրոնների միջև հեռավորությունը կլինի մոտ 360 766 կմ։ Լուսինը կշարունակի մոտենալ Երկրին և պերիգեյով կանցնի նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 00։58-ին։ Այդ պահին հեռավորությունը կնվազի մինչև 359 347 կմ։

Նոյեմբերյան լիալուսնի տեսանելի տրամագիծը միջինից մոտ 6–7 %-ով մեծ կլինի։ Երկրից առավել հեռու գտնվող լիալուսնի համեմատ՝ գերլիալուսնի տեսանելի տրամագիծը կարող է մինչև 14 %-ով մեծ լինել, իսկ պայծառությունը՝ մոտ 30 %-ով ավելի բարձր։ Անզեն աչքով տարբերությունը դժվար է նկատել․ այն ավելի հստակ է երևում նույն խոշորացմամբ արված լուսանկարները համադրելիս։

Սա 2026 թվականի հունվարից հետո առաջին գերլիալուսինն է։ Հաջորդը սպասվում է դեկտեմբերի 24-ին, երբ Լուսինը լիալուսնի պահին Երկրին է՛լ ավելի մոտ կլինի։

 

Leave a comment