Մարդը ծնվել է Արցախում, նրա ծննդավայրն իրականություն է, ոչ թե իշխանության քաղաքական հայեցողության առարկա. Հակոբյան

«Ադրբեջանը նույնիսկ կարիք չունի իր պահանջներն անձամբ ներկայացնելու։ Հայաստանի իշխանություններն այնքան ջանասիրաբար են սպասարկում նրա օրակարգը, որ երբեմն բաքվի փոխարեն էլ են մտածում»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու փաստին և ՆԳՆ պարզաբանմանը։

Նա գրել է. «Ու այս անգամ էլ խեղճերը մեղքը բարդեցին ISO-ի վրա։Ախր ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ հնարավորություն տրվեց Արցախն ու Հայաստանն ատողներին, հայրենիքը հանձնողներին որոշել մեր պատմությունը, մեր հայրենիքի աշխարհագրությունը և մեր քաղաքացիների կենսագրությունը։

Գուցե վաղն էլ նիկոլները մեզ բացատրեն, որ Արցախը հանձնելու որոշումը նույնպես որևէ միջազգային ստանդարտի պահանջն էր, իսկ իրենք ընդամենը տեխնիկական կատարողներ էին։

Մի բան հստակ է. մարդը ծնվել է Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում կամ Արցախի որևէ այլ բնակավայրում։ Նրա ծննդավայրն իրականություն է, ոչ թե իշխանության քաղաքական հայեցողության առարկա։

Հ.Գ. Հետաքրքի՞ր է իսկ միջազգային ստանդարտները մեզ թույլ տալի՞ս են շնչել մեր Հայաստան հայրենիքի օդը…»։ 

Leave a comment