Հայաստանի նկարիչների միության համագումարի ժամանակ նախագահի թեկնածուներից Արա Շահումյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի նկարիչների միությունը պարզապես կազմակերպություն չէ, այն մեր պատմության, մշակութային ժառանգության և ազգային հիշողության կրողն է: «Այսօր պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ՝ ի՞նչ է տալիս Նկարիչների միությունն իր անդամներին, ինչպե՞ս է մեզ փոխանցվում ժառանգությունը և ինչպիսի՞ միություն ենք ունենալու վաղը: Ես համոզված եմ, որ մեր միությունը կարող է դառնալ ոչ միայն ցուցահանդեսներ և հանգիստ կազմակերպող կառույց, այլև արվեստագետների իրավունքները պաշտպանող, նրանց տնտեսական անկախությանը նպաստող և հայ արվեստը միջազգային հարթակներ ու շուկա դուրս բերող հզոր հաստատություն»:
Նա ներկայացրեց իր և իր մասնագիտական թիմի 11 հիմնական առաջարկները։ Դրանք վերաբերում էին թափանցիկ կառավարումից ու միության գույքի պաշտպանությունից մինչև մատչելի արվեստանոցներ, իրավական և սոցիալական խնդիրներ: Արա Շահումյանն ընդգծեց, որ Նկարիչների միությունը պետք է կառավարվի ժողովրդավարական և թափանցիկ սկզբունքներով՝ ապահովելով անդամների մասնակցությունը կարևոր որոշումներին և ղեկավարության հաշվետվողականությունը։ Անհրաժեշտ է իրականացնել միության գույքի ամբողջական հաշվառում՝ այսօրվա դրությամբ, հրապարակել դրա օգտագործման պայմաններն ու եկամուտները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև դատական գործերի թափանցիկ լուսաբանումը։ Նա ասաց, որ միության գույքն ու միջոցները պետք է ծառայեն միության բոլոր անդամների շահերին։
Թեկնածուն փաստեց, որ այսօր բազմաթիվ արվեստագետներ միայնակ են մնում իրավական խնդիրների առջև՝ առաջարկելով ստեղծել միության իրավաբանական ծառայություն, որը կօգնի հեղինակային իրավունքների, պայմանագրերի, սեփականության և մասնագիտական վեճերի հարցերում։ Ի թիվս այլնի՝ կարևորեց նկարիչների աշխատանքային ստաժի, կենսաթոշակների, սոցիալական ապահովության և առողջության պահպանության հարցերը։ Նա նաև առաջարկեց ստեղծել բազմալեզու թվային հարթակ, որտեղ ՀՆՄ յուրաքանչյուր անդամ կունենա իր մասնագիտական էջը։ Ասաց, որ այդ հարթակը պետք է միավորի նկարիչների աշխատանքների ցուցադրությունը, վաճառքը, պատվերների ընդունումը, միջազգային կապերը և մասնագիտական տեղեկատվությունը։
Մյուս թեկնածուն՝ Գայանե Իգիթյանը, նախ ներկայացրեց իր ընտանիքը՝ ասելով, որ ողջ կյանքն անցել է արվեստի մեջ, իսկ 2006-ից ստացել է ՀՆՄ անդամության գրքույկը։ Հիշեց, որ երբ անդամության գրքույկը ցույց է տվել հորը՝ Հենրիկ Իգիթյանին, նա ժպտալով ասել է. «մանրուք է, բայց հաճելի է»։ «Ինձ համար դա մանրուք չէր, դա մեծ իրադարձություն էր ինձ համար, մեծ հպարտություն։ Ես ինձ համարում էի մի կառույցի անդամ, որի շարքերում էին բավականին լուրջ, կայացած արվեստագետներ։ Այստեղ կանգնած՝ ես հպարտություն և շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ այստեղ մենք ընտրում ենք ոչ թե միության ղեկավար, նախագահ, այլ որոշում ենք, թե ինչպիսին է լինելու միությունը, ինչ դեր է ունենալու հայ արվեստը և ինչ հնարավորություններ ենք ստեղծելու ստեղծագործողների համար»,-ասաց Գայանե Իգիթյանը։ Անդրադառնալով չլուծված խնդիրներին՝ փաստեց, որ այսօր շատ արվեստագետներ չեն զգում միության՝ իրենց կողքին լինելը։
«Շատերին մտահոգում է՝ ինչ վիճակում է գույքը, ինչ է կատարվում դատական գործընթացների հետ և որքանով է ապահովված միության ապագան։ Ինչո՞ւ են ցուցահանդեսների վարձավճարներն այդքան բարձրացել, որ միության անդամներից շատերի համար անհնար է ցուցադրվելը իրենց իսկ միությունում, ինչո՞ւ չունենք համադրողների ուժեղ թիմ, ժամանակակից թվային արխիվ, մասնակցություն միջազգային արտէքսպոներին։ Միությունը որևէ մեկի անձնական կառույցը չէ, բոլորինն է, նրա գոյության իմաստը պետք է լինի հայ արվեստին ծառայելը»,-հայտարարեց նա։
Նա շեշտեց, որ միության անդամակցությունը մարդուն պետք է իրական առավելություն տա, այլ ոչ միայն անդամության գրքույկ, առաջարկեց, օրինակ, ապահովել միության անդամների և արվեստաբանների անվճար մուտքը միության թանգարաններ. «Շատ նկարիչներ աշխատանքներ ունեն թանգարաններում, որտեղ մուտքը վճարովի է, և նկարիչը պետք է վճարի, որ մտնի ու տեսնի իր աշխատանքը։ Արվեստաբանն էլ է մտնում թանգարան՝ վճարելով»։ Իսկ ամենակարևորը, ըստ Իգիթյանի, վստահության վերականգնումն է Նկարիչների միության հանդեպ։
Մյուս թեկնածուն՝ Լևոն Աբրահամյանն էլ կարևորեց ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությունը։ Ասաց, որ 2027-ին նախատեսում են ստեղծել գրքի նկարազարդողների միջազգային փառատոն և արդեն ունեն պայմանավորվածություններ, մասնավորապես՝ «Զանգակ» հրատարակչության հետ։
Ասաց նաև, որ 2027 թ. կունենան աճուրդային մեխանիզմ՝ պետության հետ համագործակցությամբ. պետությունը վստահելու է Նկարիչների միության հարթակին՝ որպես աճուրդային կետի, և բոլոր նկարիչները կարողանալու են օգտվել այդ ծրագրից։ Երիտասարդներին ևս աջակցություն է ցուցաբերվելու։ Հավելեց, որ միության ֆեյսբուքյան էջը 21 000 հետևորդ ունի, կարևորեց նաև «Արվեստանոց» պարբերականի գոյությունը, մարզային մասնաճյուղերի ակտիվությունը։ Անդրադարձ եղավ նաև միջազգային համագործակցության ընդլայնմանն ու կուրատորությանը։ Ասաց, որ Նկարիչների միությունը պետք է ունենա կուրատորական բլոկ, որը պետք է զբաղվի միջազգային կապերի ստեղծմամբ և առաջարկներով։ Նա նաև հույս հայտնեց, որ Նկարիչների միության ջերմ ընտանիքը կպահպանի մթնոլորտը, և կունենան հետաքրքիր միջոցառումների ընդգրկվածություն։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: