Եվրոպական լրագրողների ֆեդերացիան դատապարտում է Փաշինյանի խոսույթը լրագրողների նկատմամբ

Բաժանորդագրվել

Ֆեդերացիայի նախագահն ընդգծել է, որ լրագրողին վիրավորելը ոչ թե հարձակում է մեկ անձի, այլ խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (ԵԼՖ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը՝ դատապարտելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հռետորաբանությունը լրագրողների նկատմամբ։
Նոյեմբերի 19-ին ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո (Փաշինյանը Ջեբեջյանին «եղկելի» էր անվանել) ՀԺՄ-ն հայտարարություն տարածեց՝ խստորեն դատապարտելով վարչապետի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ և շեշտելով, որ նա պատերազմ է հայտարարել ԶԼՄ-ներին։ ՀԺՄ-ն ընդգծել էր, որ ակնկալում է նաև միջազգային կառույցների արձագանքը։

«Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (ԵԼՖ) վերահաստատում է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) կոչը վարչապետ Փաշինյանին՝ լրագրողների հետ շփվելիս պահպանել հարգալից տոն, դրսևորել զսպվածություն և հարգել նրանց մասնագիտական աշխատանքը, նույնիսկ երբ լրագրողը չի կիսում նրա տեսակետները»,- նշված է հայտարարության մեջ։

Ֆեդերացիան ՀՀ իշխանություններին կոչ է անում անհապաղ դադարեցնել լրագրողների հասցեին հնչող թշնամական հռետորաբանությունը և վերջ տալ նրանց մասնագիտական գործունեության ընթացքում վարկաբեկելու ու ահաբեկելու բոլոր փորձերին։

«Լրագրողին վիրավորելը ոչ միայն հարձակում է մեկ անձի դեմ, այլև հարձակում է խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների դեմ»,– ասել է ԵԼՖ նախագահ Մայա Սևերը։

Ֆեդերացիայի նախագահը նաև ընդգծել է, որ Փաշինյանը՝ որպես կառավարության ղեկավար, հատուկ պատասխանատվություն ունի՝ հարգելու լրագրողներին և նրանց մասնագիտական աշխատանքը։

Հավելենք, որ տեղի ունեցածին անդրադարձել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ՀՀ որևէ ղեկավար իրեն երբևէ թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։

Leave a comment