Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին

Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին, որն անցկացվել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում՝ ճամբարային ձևաչափով։

Մրցաշարի մարզային և Երևանի քաղաքային փուլերն անցկացվել են հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը։ Այս տարի մրցաշարին մասնակցել է 1479 աշակերտ, որոնցից 865-ը՝ ՀՀ մարզերից, իսկ 614-ը՝ Երևանի վարչական շրջաններից։ Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը. յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Այս փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցել են համապատասխանաբար 8×50 մետր և 8×100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևերում:

Առաջին տարիքային խմբի` 4-7-րդ դասարանցիների պայքարում հաղթող է ճանաչվել Երևանի հավաքական թիմը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի հավաքական թիմը: Այս տարիքային խմբի ներկայացուցիչներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը:

Երկրորդ տարիքային խմբում` 8-12-րդ դասարանցիների պայքարում հաղթողի կոչմանը դարձյալ արժանացել են Երևանի դպրոցականները: Երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի հավաքական թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի հավաքական թիմը: Այս տարիքային խմբի ներկայացուցիչներին պարգևատրել է Նիկոլ Փաշինյանը։

Պարգևատրման արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել հաղթողներին և ընդգծել՝ մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը: Երկրի ղեկավարի խոսքով՝ մրցաշարերի անցկացումը նպաստում է նաև երեխաների շրջանում թիմային մտածողության և թիմային տրամաբանության զարգացմանը. «Վարչապետի գավաթ մրցաշարերում անհատական մրցակարգ չունենք, նույնիսկ անհատական ձևերի մրցումներն իրականացվում են թիմային մրցակարգով: Սա շատ կարևոր է մեր երեխաների և, ընդհանրապես, մարդու կյանքի համար: Նախ՝ միմյանց նկատմամբ պատասխանատվություն է, որովհետև յուրաքանչյուրը գիտի, որ իր գործադրած ջանքը նաև ազդում է մյուսի արձանագրած արդյունքի վրա, և նաև թիմը գիտի, որ առանց թիմի աջակցության անհատը չի կարող հասնել իր առավելագույն արդյունքին»:

Վարչապետի խոսքով՝ մարդն իր խնդիրները պետք է լուծի առաջին հերթին իր գործադրած ջանքի շնորհիվ, իսկ որպեսզի ջանք գործադրվի և արդյունք լինի, պետք է լինի անհատական հմտություն, գիտելիք, կարողություն: «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ յուրաքանչյուր երեխա, առանց բացառության, բացառիկ տաղանդավոր է, և մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի մեր երեխաների տաղանդը բացահայտի»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է մարզերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման կարևորությանը։ «Լողի պարագայում մենք մեկ այլ որոշում էլ ենք կայացրել. մարզերում երեխաների համար ստեղծել ենք հնարավորություն լողավազաններում մարզվելու, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Այսինքն՝ երեխաները հնարավորություն ունեն այցելել մասնավոր լողավազաններ, և պետական բյուջեն երեխաների վարձավճարը վճարում է: Սա ծրագիր է, որը կարծես թե վատ չի ընթանում: Այն պիլոտային ծրագիր է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե արդյոք մարզական կրթության ֆինանսավորման այս բանաձևը կարող է լինել արդյունավետ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել և շնորհակալություն է հայտնել մրցաշարի բոլոր մասնակիցներին:

Եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, հուշանվերներով և դրամական պարգևներով։ Առաջին տեղը զբաղեցրած թիմը ստացել է 4 միլիոն դրամ, երկրորդ տեղը՝ 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ երրորդ տեղը՝ 1 միլիոն 500 հազար դրամ մրցանակ։ Թիմերին հատկացվող դրամական պարգևները համամասնորեն կբաշխվեն հավաքական թիմերի անդամների դպրոցների միջև՝ մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով։ Դրամական պարգևներ են նախատեսվել նաև մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների համար։ Առաջին տեղը զբաղեցրած թիմի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 150 հազար դրամ, երկրորդ տեղը՝ 100 հազարական դրամ, իսկ երրորդ տեղը՝ 75 հազարական դրամ։ Պարգևատրվել են նաև մրցանակակիր թիմերի պատասխանատուները՝ մարզիչները կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի ուսուցիչները կստանան, համապատասխանաբար, 150 հազար, 100 հազար և 75 հազար դրամ:

Leave a comment