Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ դուրս չի գալիս «հեղափոխության» սինդրոմից: Ինչ լինում է, չի լինում, թե՝ «հեղափոխություն արեք»: Ավելի ճիշտ, քանի դեռ նոր էր փողոցից կամ փողոցով եկել իշխանության, անունը դրեց «թավշյա հեղափոխություն», և ինչ ոլորտի անդրադառնում էր, հեղափոխությունից էր խոսում:

Թեթևակի հիշեցնենք. «տնտեսական հեղափոխություն» էր անում, տնտեսությունը դրանից սկսեց փլուզվել: «Ներդրումային հեղափոխություն» էր անում, ներդրումների փոխարեն պարտքերի ահռելի բեռ է երկրի ու ժողովրդի շալակին դրել: Հետո, կհիշեք, բանակցային գործընթացում էր «մինի-հեղափոխություններ» անում: Ավելի ճիշտ՝ արեց ու աղետի մատնեց Արցախը, շուրջ 150 հազար արցախահայությունը բռնագաղթի ենթարկվեց հազարամյա բնօրրանից…

Իսկ հիմա էլ, ու ոչ առաջին անգամ, ի դեպ, ընդդիմությանն է հորդորում «հեղափոխություն անել»: Արդեն մի քանի անգամ նման կոչեր է արել, թե՝ դժգո՞հ եք, հեղափոխություն արեք, հեղափոխությամբ մեզ ռադ արեք (իր բառամթերքն է): Նախօրեին էլ կրկնեց:

Հարցը ծագում է ինքնաբերաբար. լավ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան սևեռված «հեղափոխության» և այդ տարբերակով իրեն հեռացնելու վրա: Ի վերջո, ի՞նչ է հեղափոխություն ասվածը: Դա հասարակական, քաղաքական, համակողմանի ցնցում է: Հաճախ՝ հակամետ ուժերի և իրենց համախոհների բախումներով և ընդհարումներով ուղեկցվող: Ինչո՞ւ անպայման պիտի հեղափոխությամբ լինի իշխանափոխությունը: Ինչո՞ւ է Փաշինյանն անպայման ցանկանում ցնցումներով գնալ կամ պարզապես ցնցումների տանել երկիրը: Այսքան չարիք, այսքան ողբերգություններ, կորուստներ, աղետներ, մահեր բերելուց հետո նա էլի ցնցումներ ու ավերներ է ուզո՞ւմ:

Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը արդեն վաղուց երկրի ու ժողովրդի շնչին է կանգնած: Այն, անկասկած, մտել է Հայոց պատմության մեջ՝ որպես ամենից ողբերգական էջերից մեկի հեղինակ: Ուզում ես հեռանա՞լ, թող ու գնա: Հերիք են ցնցումներն ու կորուստները մեր փոքր ու ավելի փոքրացած երկրի, ցաքուցրիվ եղած ժողովրդի համար:

 Բայց ո՞ւմ ենք դա ասում: Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, իսկապես չի կարող առանց պրոբլեմներ հարուցելու, առանց մարդկանց իրար դեմ հանելու, առանց բախումների ու զոհերի: Այդ ամեն ինչից իր հոգին երևի դեռ փառավորման ծարավ ունի՞: Վերջին հաշվով, երկրում դեռ ինչ-որ չափով սահմանադրական կարգ կա, իշխանություն փոխելու, իշխանությունից հեռանալու սահմանադրական եղանակներ կան: Էհ, հրաժարական տուր, գնա, թե իշխանություն պահելը չի դարձել ձեր քաղաքական գոյության միակ նպատակը:

Ու ի՞նչ է, իբրև թե, առաջարկում: Առաջարկում է գնալ «սահմանադրական հանրաքվեի»: Ասում է, որ եթե «նոր Սահմանադրությունը», իսկ ավելի ճիշտ՝ Ալիևի պահանջով Անկախության հռչակագրից հրաժարվելը չընդունվի, ապա ինքն ու ՔՊ-ն կթողնեն իշխանությունը, իսկ եթե «ալիևյան Սահմանադրությունն» ընդունվի, ապա հետո էլ ինքը վարչապետի պաշտոնին չի հավակնի:

Բայց…

Ամենից առաջ՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն այն գործիչը չէ, որի գեթ մեկ խոսքի կարելի է թեկուզ մի չնչին հավատալ: Եվ այն, որ նա անվստահելի է, գերազանցապես իր գործունեության հետևանքն է. քանի ու քանի անգամ է նա հայտարարել մի բան, արել դրա տրամագծորեն հակառակը: Նման «բագաժով» նոր խոստումներ հնչեցնելը նույնն է, ինչ դիմացիններին կամ ունկնդիրներին բացահայտ միամիտի տեղ դնելը:

Երկրորդը, որ քաղաքական առումով ամենից կարևորն է. իսկ ի՞նչ պայմաններում գնալ հանրաքվեի կամ թեկուզ արտահերթ ընտրության:

Ներկա դրությամբ կալանավորված են ընդդիմադիր գրեթե բոլոր խոշոր ուժերի առաջնորդները: Առավել նկատելի գործիչները նույնպես կա՛մ բանտարկված են, կա՛մ քաղաքական հետապնդումների են ենթարկվում: Վերջին ԱԺ ընտրություններից հետո գլխավոր ընտրական մարմինը՝ ԿԸՀ-ն, ունի գրեթե զրոյական վստահելիություն, այն ավելի շուտ վերածվել է ՔՊ-ի վարչության «ընտրական հանձնաժողովի»:

Բնական ու տրամաբանական են ընդդիմադիր ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող արձագանքները, որ նախ՝ պետք է դադարեցնել քաղաքական բռնաճնշումներն ու քաղբանտարկյալներին ազատ արձակել: Միայն դրանից հետո է հնարավոր խոսել երկրում որևէ ընտրական կամ հանրաքվեային գործընթաց նախաձեռնելու մասին:

Նույնքան բնական ու տրամաբանական են քաղաքական բռնաճնշումների բութ գործիքի վերածված պետական մարմինների ղեկավարների հեռանալու վերաբերյալ նախապայմանները: Հարկավ, տեղին են Փաշինյանի իրական հրաժարականի և ընտրական շրջանում գործադիր իշխանության հնարավոր չեզոքության պահանջները:

Այս ամենը, կրկնենք, ընդամենը նվազագույն նախապայմաններ են, որոնց դեպքում, հնարավոր է, որևէ հանրաքվե կամ ընտրություն լեգիտիմ համարել: Թեպետ դա էլ ամենը չէ, ինչի մասին խոսում են նաև ընդդիմադիր՝ դեռևս չկալանավորված գործիչները:

Այնպես որ, «հեղափոխություն անելու» պաթետիկ կոչեր հնչեցնելու, ԱԺ ամբիոնի մոտ «համր կինոյի» էջերը հիշեցնող ժեստիկուլ յացիայի, ճեպազրույցում «Եռաբլուր» բառից ցուցադրաբար վատանալու և լրագրողներին վիրավորելու փոխարեն լավ կլինի, որ ՔՊ ղեկավարը վերը նշվածների մասին մտածի:

Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել»: Իսկ գոռգոռոցները, ձեռքերի թափահարումները, խոսքերն ու դրանք արտաբերելու տոնայնությունը արդեն վաղուց դատարկ թամաշայի տպավորություն են թողնում:

Երկրին քաղաքական օդ ու շնչառություն է պետք: Թթվածին է պետք, եղած ազոտից ու շմոլ գազից արդեն կրիտիկական վիճակի ենք մոտեցել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Leave a comment