40 հայտ, 8 հաղթող ներկայացում․ ամփոփվեց Քալանթարի անվան դպրոցական ներկայացումների երկրորդ ազգային մրցույթ-փառատոնը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը պարգևատրվեցին Լևոն Քալանթարի անվան դպրոցական ներկայացումների երկրորդ ազգային մրցույթ-փառատոնի՝ «Դպրոցական դահլիճից դեպի պրոֆեսիոնալ բեմ» խորագրով միջոցառման հաղթողները։

Փառատոնը կայացել է նոյեմբերի 16-20-ը։ Մասնակցության 40 հայտ էր ստացվել Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից։ Հաղթող ճանաչված 8 ներկայացումները հանդիսատեսը հնարավորություն էր ունեցել դիտելու նոյեմբերի 17-ին և 19-ին։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դիմելով պատանի արտիստներին, ասաց, որ նրանք հրաշալի են, քանի որ հաղթահարել են կաշկանդվածությունը, ինքնադրսևորվել և բեմում բացահայտել իրենց անհատականության ողջ հարստությունը։ Նա նաև ընդգծեց, որ փառատոնը հնարավորություն է ընձեռում երիտասարդ սերնդին բացահայտելու Ռուսաստանի և Հայաստանի միջև հոգևոր ու մշակութային կապերի հարուստ ավանդույթները։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շնորհակալություն հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ փառատոնին աջակցելու համար, ինչպես նաև Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի, Կամերային երաժշտության տան, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի ղեկավարներին, ինչպես նաև ժյուրիի անդամներին՝ «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին և «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն ՀԿ-ի նախագահ Աիդա Հարությունյանին։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ միասին Վադիմ Ֆեֆիլովը մրցանակներ հանձնեց հաղթող 8 դպրոցական թատերական խմբերին։ Անհատական մրցանակների արժանացան 18 պատանի դերասաններ, ինչպես նաև 3 մանկավարժներ՝ բեմադրությունների գեղարվեստական բարձր մակարդակի և երաժշտական ձևավորման համար։ Պարգևատրման արարողությանը մասնակցեց նաև «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան։

Հավելենք, որ նախագիծն իրականացվում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության (Ռուսական տան) նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Հայաստանում Ռուսական տան ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment