Մայր Աթոռում պահվող «Լուսավորչի տեսիլքը»` առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Գրիգոր Խանջյան-100. Ժամանակների վկան» ցուցահանդեսը, որը նվիրված է գեղանկարիչ, գրաֆիկ, գրքերի ձևավորող և մոնումենտալ արվեստի վարպետ Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին:

Այդ առիթով ներկայացվել են Խանջյանի տարբեր տարիների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, գրքային նկարազարդումները, մոնումենտալ ստեղծագործությունների էսքիզները, ինչպես նաև նրա նախագծերով իրականացված կիրառական արվեստի նմուշները։ Առաջին անգամ հանրությանն է ներկայացվում նաև Գրիգոր Խանջյանի ազգային-եկեղեցական մոնումենտալ շարքի առաջին ստեղծագործությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող «Լուսավորչի տեսիլք» գոբելենը, ինչպես նաև կրոնական թեմաներով մի շարք այլ մեծադիր էսքիզներ։

«Սա շատ պատասխանատու ցուցահանդես է, որովհետև ես հանդես եմ գալիս և՛ որպես նկարչի դուստր, և՛ որպես Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա աշխատակից: Ինձ շատ օգնեց մեր երկրորդ համադրողը՝ Հայկուհի Սահակյանը, հավասարակշռության մեջ դրեցինք մեր պատկերացումները, թե ինչ պետք է ցուցադրվի… Ցավալի է, որ Խանջյանից հետո շատ աշխատանքներ չեն մնացել ընտանիքում, ժառանգների մոտ: Լավ է, որ և՛ Հայաստանի, և՛ դրսի թանգարաններում են դրանք պահպանվել: Երբ մենք դիմեցինք մեր՝ Իսահակյանի, Ժամանակակից արվեստի թանգարաններին, նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանին և իմացանք, որ մեզ կարող են տրամադրել նաև հայրիկի էսքիզով Էջմիածնի համար ստեղծված գոբելենը, կարծես դա փոխեց ցուցահանդեսի ամբողջ կոնցեպտը: «Լուսավորչի տեսիլքը» գոբելենը 1977 թ. Հունգարիայում է գործվել, Ֆրանսիայի եկեղեցիները նվիրել են Վազգեն Առաջին կաթողիկոսին»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Խանջյանի դուստրը՝ Սեդա Խանջյանը:

Նա ասաց, որ ցանկացել են այս ցուցահանդեսում ամփոփել բոլոր այն ժանրերը, որոնցում վարպետը ստեղծագործել է:

Հավելեց, որ այս տարի մի քանի փոքր, բայց նշանակալի ցուցահանդեսներ են եղել, մասնավորապես՝ Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում ցուցադրվել են Խանջյանի ճամփորդական շարքերը, բլոկնոտի թերթերի ճեպանկարներից սկսած՝ մինչև այլ շարքեր. «Հայրս սիրում էր շարքերով աշխատել, ասում էր՝ ասելիքն այնքան է, որ պետք է շարքով լինի, մանավանդ գրաֆիկայի ասպարեզում: Ասում էր՝ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք, օրինակ, սերն ու հայրենասիրությունն են, կարելի է մի կտավում արտահայտել, բայց այն, ինչ կատարվում է առօրյա մեր կյանքում, այն երևույթները, լինեն չար, թե բարի, պետք է ներկայացվեն շարքերով… Բացի ճամփորդական շարքերից»:

Խոսելով իր համար առանձնահատուկ նշանակություն ունեցող աշխատանքներից՝ վարպետի դուստրն ուրախությամբ նշեց, որ երկարատև ընդմիջումից հետո ցուցադրվում են «Երջանիկ ճանապարհ» կտավը, «Ալբանիա. շուկա» ճամփորդական շարքից աշխատանքը, «Հացը լեռներում» և գրքային գրաֆիկան: Հավելեց, որ ցանկացել են անպայման ցուցադրել «Հայոց այբուբեն» և «Վերածնունդ» որմնանկարների էսքիզները:

Տիկին Խանջյանին հարցրինք, թե իրեն ինչ է փոխանցվել հորից: Նա ժպտալով պատասխանեց, որ հայրն այնպիսի բնավորություն ուներ, եթե զգար, որ ինքը մեծ տաղանդ ուներ նկարչության հանդեպ, կթողներ, որ նկարչությամբ զբաղվի. «Եղբայրս նկարում էր, ես՝ ոչ, սակայն եղբայրս գնաց կինո, ես էլ պատահական եկա թանգարան, և արդեն 40 տարի է՝ աշխատում եմ Հայաստանի ազգային պատկերասրահում, բայց միայն վերջին տարիներին եմ զբաղվում հայրիկի աշխատանքներով, նրա մատենագիտությամբ:

Մեզ թվում էր, որ ամեն ինչ արված է, բավականին գրքեր են հրատարակվել, մենագրություններ հրապարակվել, իր մասին մենագրություններ, սակայն այժմ, երբ սկսում եմ ուսումնասիրել, հասկանում եմ, որ կարիքը կա՝ ավելին ներկայացնելու: Հայրս նկարչությունից բացի, նաև ակտիվ հասարակական, մշակութային գործիչ էր, բազմաթիվ հոդվածներ ունի գրված, այդ ամենը դեռ ուսումնասիրության ընթացքում են, և հուսով ենք, որ հետագայում կհրատարակվի ևս մեկ ալբոմ»։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ցուցահանդեսին՝ նշեց. «2026 թվականը մեզ մոտ հոբելյանական տարի է, սա այս տարվա մեր երրորդ խոշոր հոբելյանական ցուցահանդեսն է, առաջինը Գրիգոր Աղասյանին էր նվիրված, երկրորդը՝ Շարամբեյանին, և երրորդը՝ Գրիգոր Խանջյանին: Երեքի դեպքում էլ նույն մոտեցումն ենք ցուցաբերել:

Ես չէի ուզի կոչել հետահայաց ցուցադրություն, բայց հնարավորինս ներկայացրել և հնարավորինս բացել ենք արվեստագետին: Կարծում եմ՝ նման մասշտաբային բացահայտում առաջին անգամ է լինում, բացահայտում ոչ միայն այցելուի, այլև մեր և նույնիսկ Խանջյանի ընտանիքի համար: Այսօր առաջին անգամ հնարավորինս բազմակողմանի ենք ներկայացնում արվեստագետին: Առաջին անգամ ցուցադրում ենք նաև իր հայտնի գոբելենը, ինչը մեզ համար հիշարժան իրադարձություն է»։

Ցուցահանդեսի բացմանը Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ ներկայացվում է մի գեղեցիկ ցուցադրություն, որը նվիրված է 20-րդ դարի մեծագույն հայորդիներից Գրիգոր Խանջյանի 100-ամյակին. «Գրիգոր Խանջյանը հայկական ոգին, հայկական մշակույթն իր արվեստով վեր հանեց: Այսօր կարող եք տեսնել այն ամենը, ինչ նա արարել է իր ստեղծագործական կյանքի ընթացքում: Մեր համադրողների՝ Սեդա Խանջյանի և Հայկուհի Սահակյանի ջանքերի շնորհիվ կարող եք տեսնել վարպետի արվեստի զարգացման ուղին»։

Սեդա Խանջյանն ընդգծեց, որ Հայկուհի Սահակյանի շնորհիվ հավասարակշռել են նկարչի ժառանգի ցանկություններն ու ցուցահանդես կազմակերպելու և ներկայացնելու գործընթացը։

Սամվել Հովհաննիսյանը նշեց նաև, որ Կենտրոնական բանկը նույնպես միացել է հոբելյանին և թողարկել վարպետի 100-ամյակին նվիրված հոբելյանական հուշադրամ: ԿԲ խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը Գրիգոր Խանջյանի 100-ամյակի հուշադրամը հանձնեց Սեդա Խանջյանին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment