Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրում «Ալ Ահլին» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ալ Նասրի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խփեց պրոֆեսիոնալ կարիերայի 986-րդ գոլը (տեսանյութ)։ Չորս րոպե անց 41-ամյա ֆուտբոլիստը կարող էր դառնալ դուբլի հեղինակ, սակայն վրիպեց 11-մետրանոցից:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում դաշտի տերերի պատասխան գոլը խփեց բրազիլացի հարձակվող Գալենոն։ Ընդմիջումից հետո «Ալ Ահլիին» հաղթանակ պարգևեցին անգլիացի հարձակվող Այվան Թոնին ու բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանիեսը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածքից ապաքինվելուց հետո ընդգրկվել էր «Ալ Ահլիի» մեկնարկային կազմում, իսկ 23-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։ 80-րդ րոպեին հայ կիսապաշտպանը փոխարինվեց 3:1 հաշվի ժամանակ:

«Ալ Նասրն» ունի 28 միավոր և երրորդ տեղում է, իսկ «Ալ Ահլին» 24 միավորով չորրորդն է։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment