Ուսուցիչների կամավոր ատեստավորումը վերածվել է պատժիչ մեխանիզմի, որը պետք է վերանայվի ու վերացվի։ Պնդում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ ակցիա իրականացնող ուսուցիչները։ Նշում են՝ թեպետ ատեստավորումը կոչվում է «կամավոր», սակայն կամավոր ոչինչ չկա։
«Թող սա լինի, բայց լինի կամավոր, եթե ուսուցիչը չի հաղթահարում, նորից շանս ունենա երկրորդ անգամ, երրորդ անգամ։ Մենք չենք հրաժարվում ատեստացիայից, պատրաստ ենք, պարզապես լինի համապատասխան վերաբերմունք, ճիշտ մեխանիզմ, ճիշտ կազմված թեստեր։ Նախապես թող մասնագիտական զարգացման վերապատրաստումներ կազմակերպվեն, որ մենք էլ կամավորին մասնակցելու ժամանակ նախապես իմանանք՝ ուր և ինչի համար ենք գնում»,- լրագրողների հետ զրույցում նշեց մի ուսուցիչ։
Ակցիայի հիմնական մասնակցիները տարրական դասարանների դասվարներ են, քանի որ փոփոխությունների արդյունքում, իրենց խոսքով, հենց նրանք են ամենից շատ տուժել։ Թիվ 196 դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի թեստերը բարդացել են, 40 հարցի փոխարեն արդեն 60 հարց է ներառված` ենթահարցերով, առաջադրանքներն ավելի բարդացել են։
«Անարդարությունը շատ է․․․ Դասվարները հանձնում են ոչ միայն կոնկրետ մեկ առարկա, այլ ներառված է, օրինակ, մաթեմատիկա․ խնդիրներ ու վարժություններ կան, որոնք 7-8-րդ դասարանի մակարդակի են, մայրենի լեզու, քերականություն, որի հարցադրումները լեզվաբանի մակարդակի են, որոնք ընդհանրապես ներառված չեն մեր տարրական դպրոցի ծրագրով և չափորոշիչներին չեն համապատասխանում»,- նշեց նա։
Ուսուցիչները կողմ են ատեստավորմանը, սակայն դժգոհ են թեստերից և առաջադրանքների համար հատկացվող ժամանակից (3 ժամ է տրվում- խմբ․)։ Ուսուցիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց՝ տպավորություն է, որ ուզում են ուսուցչին հեղինակազրկել։
Ուսուցիչների հետ հանդիպման եկած ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյան նշեց, որ նոյեմբերի 16-ին ուսուցիչները հնարավորություն են ունեցել բողոքարկումներ ներկայացնել։ Հաջորդ շաբաթ հանձնաժողովի նիստ կանցկացվի, որի ընթացքում կքննարկվեն ներկայացված բոլոր հարցերը։ Ներկայացուցիչը պնդում է՝ եթե թեստում եղել է որևէ առաջադրանք, որն առարկայական ծրագրից, ուղեցույցից (հրապարակվել է օգոստոսի 1-ին), հրապարակված գրականության ցանկից դուրս է եղել, այստեղ հօգուտ ուսուցչի որոշում է կայացվելու։
Հավելենք, որ կամավոր ատեստավորման խնդիներներին անդրադարձել էր նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում նոյեմբերի 19-ին, մասնավորապես խոսելով ֆիզիկայի ուսուցիչների բարձրացրած հարցերին։
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» դասավանդող 1224 ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, որից 108 ուսուցիչ ստացել է մինչև 39 տոկոս, 175 ուսուցիչ՝ 40-49 տոկոս, 331-ը՝ 50-59 տոկոս, 330-ը՝ 60-69 տոկոս, 225-ը՝ 70-79 տոկոս, 52 ուսուցիչ՝ 80-89 տոկոս, 3 ուսուցիչ՝ 90-99 տոկոս։ Այսպիսով՝ մասնակիցների շուրջ 50 տոկոսն է հաղթահարել կամավոր ատեստավորումը։