ՀՀ սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի երկուշաբթի` նոյեմբերի 23–ին։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկուշաբթի օրը արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահամանդրության նախագիծը։ Ես էլ ուղերձով կդիմեմ ժողովրդին։ Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, մենք գնանք հանրաքվեի` նոր Սահմանադրության ընդունման համար։ Ժողովուրդը եթե դեմ քվեարկի նոր սահմանադրությանը, մեր փաստարկներն էլ համոզիչ չեն թվա հանրությանը, ես հրաժարական կտամ 1 շաբաթվա ընթացքում։ Կողմ քվեարկելու դեպքում էլ` պաշտոնապես ասում եմ, որ հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու` անկախ նրանից` հերթական կլինեն, թե արտահերթ»,–հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ բաց առաջարկ է անում ընդդիմությանն ու պնդեց` երկրում բռնապետություն չկա, քանի որ նման դեպքում չէին առաջարկի գնալ հանրաքվեի` վարչապետի հրաժարականի գնով։ Շեշտեց` երկրում բռնապետություն լինելու դեպքում ընդդիմությանը չէին դիմի, միանգամից «թաթիկներից» կբռնեին ու քվեարկել կտային։
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։