Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» և TRIPP-ի կարևորությունը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) տրանսպորտի հարցերով նախարարական համաժողովում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն ու TRIPP ծրագրին՝ ընդգծելով դրանց դերակատարությունը Հարավային Կովկասի տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդման գործում։

Իր ելույթում նախարարի տեղակալն ընդգծել է տրանսպորտային կապերի զարգացման և դիվերսիֆիկացման ռազմավարական նշանակությունը՝ հատկապես դեպի ծով ելք չունեցող երկրների համար՝ կարևորելով այլընտրանքային հաղորդակցության ուղիների զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումն ու միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ TRIPP-ի իրականացումը հիմնված է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման, ինչպես նաև փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների վրա։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է նաև ESCAP-ի դերը տարածաշրջանային համագործակցության խթանման գործում՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հանձնաժողովի, դրա անդամ պետությունների և շահագրգիռ գործընկերների հետ»։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո:

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ և ԱՄՆ միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։

Leave a comment