ՀԺՄ․ Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին (PAN.am)

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) հայտարարություն է տարածել, անդրադառնալով լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ «Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»:

Հայտարարության մեջ ասվում է. «Հերթական ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կորցրեց ինքնատիրապետումը, երբ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նրան հարց ուղղեց խորհրդարանում Փաշինյանի կիրառած բառապաշարի ու խոսքի մշակույթի վերաբերյալ:Ազգային ժողովի այդ նիստն ուղիղ էր հեռարձակվում:

Լրագրողը ճեպազրույցում հիշեցրել է Փաշինյանի մշտական խոսքերը՝ ուղղված իր ընդդիմախոսներին:

«8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել»,- հարցրել է լրագրողը:

«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը (…) … Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ դուք…»,- այսպես Փաշինյանն արձագանքել լրագրողի հարցին:

Փաստացի Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրեն սանձարձակ է պահում քաղաքական ընդդիմախոսների, իրեն քննադատող քաղաքացիների նկատմամբ, շարունակ հայհոյում, սպառնում ու վիրավորում նրանց, այլև վաղուց արդեն նրա ու իր քաղաքական թիմի թիրախում զանգվածային լրատվամիջոցներն ու իր տեսակետն անվերապահորեն չկիսող ու իրեն անհարմար հարցեր տվող լրագրողներն են»:

Նշվում է, որ նույնիսկ միջազգային չափանիշներով անհամաչափ ու աննախադեպ տույժերն ու տուգանքները, որոնցով դատական ակտերի միջոցով փորձում են «լռեցնել լրատվամիջոցներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, Նիկոլ Փաշինյանին չեն բավարարում, ու վերջինս պատերազմ է հայտարարել լրագրողներին, լծվել լրագրողներին ահաբեկելու, սպառնալու, վիրավորանքներ հասցնելու, հանիրավի մեղադրելու գործին»:

ՀԺՄ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ «թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից և գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին»։

ՀԺՄ-ն նաև ակնկալում է միջազգային լրագրողական կազմակերպությունների և մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների հրապարակային արձագանքը:

Ջեբեջյանը ճեպազրույցի ժամանակ ցուցադրել է Եռաբլուրի և զոհվածների լուսանկարները, հիշեցրել, որ Փաշինյանը բազմիցս իր ընդդիմախոսներին ասել է, թե «ինչու չեք զոհվել», և հետաքրքրվել՝ թե ինքը, ՔՊ–ի թիմը ինչու չեն զոհվել ու ողջ են մնացել պատերազմի ժամանակ։ Այս արտահայություններից հետո Փաշինյանն ասել է, թե «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» խմբակցությունները և այլ քաղաքական շրջանակներ «Եռաբլուրը» տևական ժամանակ դարձրել են քաղաքական և հանրային մանրադրամ, «եղկելի« անվամել նրանց ու լրագրողին:

Leave a comment