Ավինյանն Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ քննարկել է հերոսների հիշատակի անկյուն ստեղծելու հարցը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ քննարկել է մայրաքաղաքում նրա որդուն և մյուս զոհված հերոսների հիշատակը հավերժացնող անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Տարածքը նախատեսվում է հատկացնել «Հաղթանակ» զբոսայգում:

«Հանդիպել եմ անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։ Առաջարկվող տարածքն արժանացել է հերոսի հոր հավանությանը։

Այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն հերոսի ընտանիքի հետ։ Կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվի հարազատների հետ համատեղ քննարկումների և նրանց ցանկությունների հաշվառմամբ»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Ալբերտ Հովհաննիսյանի պատկերը հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատից, որից հետո սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ էին ծավալվել։ Քաղաքապետարանը պարզաբանել էր, որ վերականգնման աշխատանքներից առաջ պատը մաքրվել է՝ միաժամանակ հերքելով պատկերը միտումնավոր հեռացնելու վերաբերյալ պնդումը։

Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը՝ զոհվածի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Քաղաքապետարանը կդիտարկի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները:

Leave a comment