Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Հասարակություն

19.11.2026 | 20:16

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում փոստային մասնաճյուղից գողություն կատարելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել։ Նրանք, ըստ նախնական տեղեկությունների, վնասել են մասնաճյուղի դուռը, ներս մտել և հափշտակել զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը՝ պատճառելով շուրջ 200 հազար դրամի վնաս։ Փախուստի դիմած տղամարդիկ բռնվել են պարեկների հետապնդման արդյունքում։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում։ Շիրակի փողոցում գործող փոստային ծառայության մասնաճյուղից գողության մասին ահազանգը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին և պարեկներին։

Դեպքի վայր ժամանած պարեկները նկատել են «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա, որի վարորդը դիմել է փախուստի։

Հետապնդման ընթացքում մեքենայի ուղևորը Հովհաննիսյան փողոցում նետել է մետաղադրամներ, դիմակ և ձեռնոցներ։ Փակուղի մտնելուց և կայանված մեքենաներին բախվելուց հետո մեքենան կանգ է առել, իսկ վարորդն ու ուղևորը փորձել են փախչել։ Ոստիկանները կանխել են նրանց փախուստը և ձերբակալել։

25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են բժշկական դիմակ, այլ պարագաներ, ինչպես նաև դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։

Շինարարների փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդը և Նուբարաշենի բնակիչ 34-ամյա ընկերը կազմված փաստաթղթերով ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment