Թույլ մի՛ տվեք, որ կադրերի պակասը մթագնի ձեր դատողությունը
Փոքր բիզնեսի սեփականատերերն այսօր հայտնվել են երկկողմանի ճնշման տակ. մի կողմից՝ նրանք չեն կարողանում բավարար քանակությամբ աշխատողներ գտնել, մյուս կողմից՝ նվազում է բիզնեսի շահութաբերությունը, գրում է Inc.com-ը։
Անկախ բիզնեսի ազգային ֆեդերացիայի (NFIB) տվյալներով՝ հոկտեմբերին գործարարների 36 տոկոսն ունեցել է թափուր հաստիքներ, որոնք չի կարողացել լրացնել (սեպտեմբերին այդ ցուցանիշը 32 տոկոս էր)։ Միևնույն ժամանակ, եկամուտների ցուցանիշներն ընկել են մինչև մարտ ամսից ի վեր գրանցված ամենացածր մակարդակը։
Սա վտանգավոր համադրություն է։ Երբ անձնակազմը չի բավականացնում, նոր աշխատակից փնտրելը դադարում է բիզնեսի կառուցման գործընթաց լինելուց և վերածվում է «հրդեհ մարելու» փորձի։
Պատկերացրեք իրավիճակը. հաստիքն ամիսներ շարունակ թափուր է։ Դուք միաժամանակ երկու հոգու գործ եք անում, ձեր լավագույն աշխատակիցը կատարում է երրորդի պարտականությունները, և հանկարծ միջակ մի ինքնակենսագրական սկսում է բավականին գրավիչ թվալ։ Ընկերոջ զարմիկն ազա՞տ է։ Հրաշալի է։ Թող ուրբաթ օրը դուրս գա աշխատանքի։
Բայց այս դեպքում դուք աշխատակից չեք ընդունում ապագայի համար։ Դուք ընդունում եք մեկին, որպեսզի պարզապես մեղմեք այսօրվա ցավը։ Եվ հենց այդպես են սկսվում թանկ արժեցող կադրային սխալները։
Երբ հուսահատությունը վերահսկում է ընտրության գործընթացը
«Ցավից դրդված» ընդունելություններն ունեն մի շարք բնորոշ գծեր.
-
Դուք աշխատանքի նկարագրությունը գրել եք մեկ ժամում, և այն նկարագրում է ձեր ամենածանր աշխատանքային շաբաթը։
-
Ոչ ոք չի սահմանել, թե ինչպիսին պետք է լինի հաջողված առաջին 90 օրը։
-
Դուք բաց եք թողել նախկին գործատուներից կարծիք հարցնելու փուլը, որովհետև թեկնածուի հանդեպ «լավ ներքին զգացողություն» եք ունեցել։
-
Հարցազրույցի մեծ մասն անցել է նրանով, որ դուք եք պատմել, թե որքան զբաղված եք։
Այս ամենը չի նշանակում, որ դուք անփույթ եք. դա նշանակում է, որ դուք հոգնած եք։ Սակայն այն մարդը, ում վարձում եք այսօրվա խնդիրը լուծելու համար, հաճախ բոլորովին չի համապատասխանում այն պահանջներին, որոնք բիզնեսն ունենալու է մեկ տարի անց։ Արդյունքում դուք կրկին հայտնվում եք նույն կոտրված տաշտակի առաջ, միայն թե հիմա այդ աթոռին մարդ է նստած, իսկ նրան աշխատանքից ազատելը շատ ավելի դժվար է, քան սկզբից չընդունելը։
Լուծումը հավերժ սպասելը չէ։ Լուծումը որոշման վրայից ճնշումը հանելն է, որպեսզի կարողանաք այն կայացնել սթափ գլխով։
3 քայլ՝ հաջորդ աշխատակցին ավելի խելացի ընտրելու համար
1. Նվազեցրեք ընթացիկ «ցավը»
Ուշադիր նայեք, թե կոնկրետ ինչն է ձեզ հիմա ամենաշատը տանջում։ Հնարավո՞ր է արդյոք 60 օրով ժամանակավոր կամ պայմանագրային աշխատակից ներգրավել՝ այդ բեռի մի մասը թեթևացնելու համար։ Կա՞ արդյոք որևէ գործ, որն անում եք պարզապես սովորության ուժով, և եթե դադարեցնեք, ոչ ոք չի էլ նկատի։ Շունչ քաշելու համար պարտադիր չէ ամբողջ խնդիրը միանգամից լուծել. ձեզ պարզապես մի փոքր օդ է պետք, որպեսզի դադարեք խուճապի մատնվել և շտապ որոշումներ կայացնել։
2. Հայտարարությունը տեղադրելուց առաջ կազմեք երկու ցուցակ
Առաջին ցուցակում գրեք այն ամենը, ինչը «ցավեցնում» է այսօր։ Երկրորդում՝ այն, թե ինչ պետք է անի այս հաստիքը զբաղեցնող մարդը 12 ամիս անց՝ այնպիսի գործառույթներ, որոնցով այժմ ընդհանրապես ոչ ոք չի զբաղվում։ Եթե երկրորդ ցուցակը դատարկ է, ուրեմն դուք ոչ թե աշխատակից եք փնտրում, այլ սթրեսը մեղմելու ժամանակավոր միջոց։ Իսկ նման «միջոցները» սովորաբար մեկ տարվա ընթացքում կա՛մ իրենք են հեռանում, կա՛մ ազատվում են աշխատանքից։
3. Սահմանեք առաջին 90 օրվա երեք հստակ արդյունք
Ոչ թե առաջադրանքներ, այլ հենց արդյունքներ։ «Նախահաշիվների վերաբերյալ ստացված հարցումները մշակում է մեկ օրվա ընթացքում» ձևակերպումը արդյունք է։ «Օգնում է նախահաշիվների հարցում» ձևակերպումը՝ ոչ։ Եթե չեք կարողանում նշել գոնե երեք նման չափելի արդյունք, ուրեմն հաստիքը դեռ պատրաստ չէ հայտարարության տեսքով հրապարակվելու։
Դարձրեք ձեր հաջորդ ընտրությունն արդյունավետ
NFIB-ի գլխավոր տնտեսագետ Բիլ Դանքելբերգը հոկտեմբերը բնութագրել է որպես մի ամիս, երբ բիզնեսի սեփականատերերը շարունակել են պայքարել նույն երկարատև մարտահրավերների դեմ, թեև եղել են նաև որոշ հուսադրող տեղաշարժեր։
«Հոկտեմբերին փոքր բիզնեսների լավատեսության մակարդակում գրեթե փոփոխություն չի եղել, քանի որ սեփականատերերը շարունակել են հաղթահարել կայուն մարտահրավերները, չնայած որոշ դրական զարգացումներ նկատվել են», — նշել է նա մամուլի հաղորդագրության մեջ։
Քիչ փոփոխությունը նշանակում է, որ կադրային այս սղությունը մինչև Սուրբ Ծնունդ չի վերանա։ Դուք շատ շուտով կրկին կանգնելու եք նույն ընտրության առաջ։
Ուստի ընտրեք այն թափուր հաստիքը, որը լրացնելու հարցում ամենաշատն եք հուսահատված։ Այս երեկո ընդամենը տասը րոպե տրամադրեք և գրեք այդ երկու ցուցակները։ Եթե կարողանաք լրացնել երկրորդը, համարձակ հրապարակեք հայտարարությունը։ Իսկ եթե ոչ՝ շնորհավորում եմ, դուք հենց նոր փրկեցիք ձեզ թանկ արժեցող սխալից։