Ամասիա խոշորացված համայնքում, որտեղ նոյեմբերի 29-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, և որտեղ դերերը փոխվել են․ ընդդիմադիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանը հանդես է գալիս որպես ՔՊ-ի թեկնածու, ՔՊ Ամասիայի կառույցի նախկին ղեկավար Սամվել Ղարիբյանն էլ՝ ընդդիմադիրի դիրքերից՝ գլխավորելով «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակը, թեժ ընտրապայքար է ընթանում։
36 հոգուց բաղկացած «Բարոյական արժեքներ» կուսակցության համայնքապետի թեկնածու Սամվել Ղարիբյանի՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա «Ոսկե սեր» և «Արփի լենդ» ՍՊԸ-ների տնօրենն է։
«Ոսկե սերը», ըստ համացանցում առկա տեղեկատվության, կաթնամթերքի արտադրության ոլորտում (կաթի մշակում, կարագի, պանրի արտադրություն) գործող ընկերություն է, գրանցված է Աշոցք համայնքում, իսկ «Արփի լենդը» սպանդանոցային գործունեությամբ զբաղվող ՍՊԸ է, գրանցված է Ամասիայի Արդենիս բնակավայրում։
Թեկնածուն բնակարաններ ունի Երևանում, շինություններ՝ իր հայրենի Արդենիս գյուղում։
Մայրաքաղաքում ունեցած բնակարաններից մեկը 85,9 քառակուսի մետր է, մյուսը՝ 138 քառ. մետր, առաջին դեպքում սեփականատեր է, երկրորդի դեպքում՝ համասեփականատեր։
Արդենիսում երկու շինություններ ունի, երկուսի սեփականատերն էլ ինքն է, մեկը՝ 5630 հա, մյուսը՝ 9362,8 հա մակերեսով, Արդենիսում նաև վարձակալած վարելահող ունի՝ 33 հա մակերեսով։
Թեկնածուն հայտարարագրել է մի հին մեքենա՝ 1986 թվականին արտադրված «Վազ2121» մակնիշի, թանկարժեք գույք չի հայտարարագրել։
Սամվել Ղարիբյանը որպես եկամուտ հայտարարագրել է «Ոսկե սեր» ՍՊԸ-ից ստացած 3 788 234 ՀՀ դրամ և «Արփի լենդից» ստացած 2 043 560 ՀՀ դրամը։
Նրա դրամական միջոցը հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ կազմել է 6 000 000 ՀՀ դրամ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: