Կառավարության օրակարգում քննարկվող նախագծերից մեկով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի ֆինանսավորումը։
Որպես հիմնավորում ներկայացվում է ծրագրի ծախսաարդյունավետության վերագնահատումը՝ ավելի քան տասը տարվա կիրառությունից հետո, ինչպես նաև պետական հատվածում վարձատրության նոր մեխանիզմների և առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը։
Նախագծի տրամաբանության հիմքում մի քանի առանցքային փոփոխություններ են։ Կառավարությունը նշում է, որ տարեկան 72,000 դրամի (ամսական՝ մինչև 6,000 դրամ) միասնական արտոնությանը զուգահեռ վերջին տարիներին գործարկվել են ավելի մեծ ֆինանսական ազդեցություն ունեցող մեխանիզմներ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորում, ուժային կառույցներում ատեստավորման հիմքով հավելավճարներ, հանրային ծառայողների բազային աշխատավարձի բարձրացում և կատարողականի գնահատման հիման վրա խրախուսում։
Բացի այդ, 2026 թվականի հունվարի 1-ից փուլային տարբերակով ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը փոխում է սոցիալական երաշխիքների միջավայրը։ Մյուս կողմից՝ 2027 թվականից նախատեսվող հանրային ծառայության վարձատրության բարեփոխման լրացուցիչ ֆինանսական պահանջը գնահատվում է մոտ 30 միլիարդ դրամ, ինչը շուրջ երեք անգամ գերազանցում է սոցփաթեթի տարեկան ծախսը։ Այս պայմաններում կառավարությունում գտնում են, որ բոլոր շահառուներին նույն չափով տրամադրվող սոցփաթեթը որպես մոտիվացիայի և կադրերի պահպանման առանձին գործիք այլևս բավարար հիմնավորում չունի։
Ըստ ներկայացված տվյալների՝ «Սոցիալական փաթեթների ապահովում» (1015) ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» (12001) միջոցառման գծով (առանց առողջապահական փաթեթի) պետական բյուջեում նախատեսվել է 2023-ին և 2024-ին՝ 10,6-ական միլիարդ դրամ, 2025-ին՝ 11,7 միլիարդ դրամ, իսկ 2026-ին՝ 9,6 միլիարդ դրամ։
Ծրագրի ֆինանսավորման դադարեցման արդյունքում ազատվող տարեկան շուրջ 9,6-11,7 միլիարդ դրամը նախատեսվում է ուղղել պետական բյուջեի ընդհանուր ֆինանսավորմանը՝ հանրային ռեսուրսները մարդկային կապիտալի և տնտեսական զարգացման այլ ծրագրերի ուղղելու նպատակով։
Սոցիալական փաթեթի առավելագույն չափը 2015 թվականի հունվարի 1-ից ամսական 6,000 դրամ է (տարեկան՝ 72,000 դրամ) և հաշվարկվում է համամասնորեն՝ ըստ ծանրաբեռնվածության (օրինակ՝ 0,5 դրույքի դեպքում՝ ամսական 3,000 դրամ)։
Շահառուների շրջանակում ընդգրկված են ոչ միայն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, այլև դպրոցների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների, սոցիալական հոգածության և մի շարք պետական կազմակերպությունների, ինչպես նաև Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի և Հայկական ատոմակայանի աշխատակիցները։
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ամրագրել, որ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը սոցիալական փաթեթի հաշիվներում կուտակված և շահառուներին հասանելիք միջոցները նրանք կկարողանան ազատորեն տնօրինել՝ առանց ժամկետային կամ այլ սահմանափակման։
Մարիաննա Արամյան