Միգուցե «հեղափոխություն անելու» Փաշինյան Նիկոլի կոչերն ուղղված են «նոր ընդդիմությանը» կամ վերջինիս հովանավորների՞ն․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կարո՞ղ էին արդյոք Տրոցկին, Կամենևը, Զինովևը կամ Բուխարինը Ստալինի իշխանության օրոք հեղափոխություն իրականացնել: Չէին կարող: Ավելին` Ստալինի օրոք հեղափոխություն չէր կարող կազմապերպել և իրականացնել անգամ Լենինը: Ինչու՞: Որովհետև, նրանք չեզոքացված էին` կալանավորված էին, փախուստի մեջ էին, ֆիզիկապես ոչնչացված կամ միայնացված և մեկուսացված էին: Եվ, եթե Ստալինը վերջիններիս հեղափոխություն անելու կոչ աներ, ապա «սատկած հավի ծիծաղը» կգար:
Վերջերս Փաշինյան Նիկոլն «հեղափոխություն անելու» անհասցե կոչեր է հնչեցնում: Ու՞մ են դրանք ուղղված: Քոչարյան Ռոբերտի՞ն, Կարապետյան Սամվելի՞ն, Ծառուկյան Գագիկի՞ն, Սարգսյան Սերժի՞ն, Տեր-Պետրոսյան Լևոնին, վերջիններիս թիմակիցների՞ն: Նախ` նրանք կալանավորված, չեզոքացված, միայնացված և մեկուսացված են: Բացի դրանից` բացառությամբ Տեր-Պետրոսյան Լևոնի, վերջիններս հեղափոխություն կազմակերպելու և իրականացնելու ընդունակություն և խարիզմա չունեն:
Հարցը կարելի է ձևակերպել այլ կերպ. արդյո՞ք գտնվելով բանտում նույն Փաշինյան Նիկոլը կարող էր հեղափոխություն իրականացնել: Աներկբա` չէր կարող: Եթե կարողանար, ապա ժամանակին հաստատ կիրականացներ: Այդ դեպքում, ու՞մ են ուղղված «հեղափոխություն անելու» Փաշինյան Նիկոլի կոչերը:
Այս իմաստով, կա մի քանի վարկած: Նախ` մեծ է հավանականությունը, որ Փաշինյան Նիկոլը սկսել է արհամարհական և ծաղրական վերաբերմունք ցուցաբերել պայմանական ընդդիմադիրների նկատմամբ: Եթե այդպես է, ապա շնորհավորում եմ, քանզի Հայաստանը սկսել է «համտեսել» տոտալիտարիզմի առաջին բերքի պտուղները:
Մյուս կողմից` վերջերս Փաշինյան Նիկոլն անընդհատ խոսում է նոր ընդդիմության ստեղծման անհրաժեշռության մասին: Ավելին` եկեք հիշենք վերջին ժամանակաշրջանում Գրիգորյան Արմենի, Հակոբյան Աննայի և ՔՊ-ամերձ ուժերի գործունեությունը: Առերևույթ տպավորություն է ստեղծվում, որ «նոր ընդդիմության» ստեղծման գործընթացն ընթանում է մեծ թափով: Իսկ, միգուցե «հեղափոխություն անելու» Փաշինյան Նիկոլի կոչերն ուղղված են «նոր ընդդիմությանը» կամ վերջինիս հովանավորների՞ն:
Ի դեպ, հաշվի առնելով Փաշինյան Նիկոլի անձնական հատկանիշները, մեծ է հավանականությունը, որ երկու վարկածներն էլ ողջամիտ են:

Leave a comment