ՀԱԷԿ-ում անցկացվել է ՇԿՀԱ գործընկերային ստուգում

2026 թվականի նոյեմբերի 2-ից 18-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում անցկացվեց ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից կազմակերպված գործընկերային ստուգումը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եգիպտոսի ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետներ։

Փորձագիտական խումբը ղեկավարում էր ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի խորհրդատու Դմիտրի Ալմիկիևը։

Գործընկերային ստուգման հիմնական նպատակն էր գնահատել Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործունեությունը՝ անվտանգ և հուսալի շահագործման ապահովման տեսանկյունից, բացահայտել կայանի գործունեության ուժեղ կողմերը, ինչպես նաև առանձնացնել այն ոլորտները, որոնցում առկա են հետագա բարելավման հնարավորություններ։

Ստուգման ընթացքում փորձագետներն իրականացրին արտադրական գործընթացների դիտարկումներ, փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույցներ կայանի ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Ամփոփիչ հանդիպման ընթացքում ներկայացվեցին ստուգման արդյունքները, քննարկվեցին բացահայտված խնդիրների պատճառներն ու նպաստող գործոնները, ինչպես նաև գործունեության հետագա բարելավման հնարավորությունները։

Գործընկերային ստուգումը կարևոր նշանակություն ունի ՀԱԷԿ-ի անվտանգության մշակույթի ամրապնդման, միջազգային փորձի փոխանակման և կայանի անվտանգ ու հուսալի շահագործման շարունակական կատարելագործման համար։

 

Հայկական ատոմային էլեկտրակայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment