Ադրբեջանական անկախ Abzas Media-ի լրագրողների ձերբակալության երրորդ տարելիցին ընդառաջ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրանց, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել անազատության մեջ գտնվող յոթ լրագրողների պահման պայմանների, բժշկական օգնությունից զրկելու, մեկուսարանում պահելու և դաժան վերաբերմունքի վերաբերյալ։
Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրազերսը հայտարարության մեջ նշել է, որ AbzasMedia-ի յոթ լրագրողներ գտնվում են բանտում ծանր պայմաններում՝ հեռու իրենց ընտանիքներից։ Հայտարարության մեջ ասվում է, որ ճնշումը չի ավարտվում կամայական ձերբակալություններով: Լրագրողների հարազատներն ու փաստաբանները նշում են, որ աճել է ինչպես AbzasMedia-ի աշխատակիցների, այնպես էլ իրենց քննադատական գործունեության և այլախոհ հայացքների համար ձերբակալված այլ անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը: Սա ներառում է ազատազրկում մենախցում, բժշկական օգնությունից զրկում, ծեծ և այլ դեպքեր։
«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն բոլոր այն անձանց, որոնք բանտարկվել են բացառապես խոսքի ազատության իրենց իրավունքն իրացնելու համար։ Նրանք պետք է բոլոր կալանավորներին ապահովեն պատշաճ բժշկական օգնությամբ, անհապաղ հետաքննեն բռնությունների մասին հաղորդումները և վերջ դնեն վատ վերաբերմունքի բոլոր ձևերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերի 20-ին ձերբակալվել է Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին։ Հետագայում ձերբակալվեցին լրատվամիջոցի ևս հինգ աշխատակիցներ։ 2024 թվականի մայիսի 30-ին «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն նույնպես ձերբակալվել է այս գործի շրջանակում։
2025 թվականի հունիսի 20-ին նրանցից յոթը դատապարտվել են 7 տարի 6 ամսից մինչև 9 տարի ազատազրկման՝ ֆինանսական մեղադրանքներով։ Լրագրողները հերքում են մեղադրանքները և իրենց ձերբակալությունները վերագրում իրենց մասնագիտական գործունեությանը։
Միջազգային լրատվամիջոցները և մարդու իրավունքների կազմակերպությունները այս ձերբակալությունները գնահատում են որպես Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների վրա ճնշման մի մաս։
Նմանատիպ մեղադրանքներ հետագայում առաջադրվել են նաև Toplum TV-ի լրագրողներին։ Նրանք դատապարտվել են 12-ից 15 տարվա ազատազրկման 2026 թվականի հուլիսին։ Նմանատիպ մեղադրանքներով Meydan TV-ի աշխատակիցների դատավարությունը շարունակվում է։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նոյեմբերի 2-ին Abzas Media- ի տնօրեն Ուլվի Հասանլին տեղափոխվել է մենախուց՝ թիվ 10 քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Քամրան Շահսուվարովի սպառնալիքներից հետո։ Այս մասին Amnesty International-ին հայտնել է նրա կինը՝ Ռուբաբա Գուլիևան։
Հաղորդվում է, որ բանտի աշխատակիցները ճնշում են գործադրել Հասանլիի վրա՝ պահանջելով հեռացնել «Abzas Media»-ի հետաքննական հոդվածները, որոնցում բացահայտվում են հաստատության ներսում տիրող պայմաններն ու ենթադրյալ չարաշահումները, ինչպես նաև դադարեցնել բանտի մասին հետագա հրապարակումները։ Ի նշան բողոքի՝ Հասանլին հացադուլ է հայտարարել։ Amnesty International-ը տեղեկություններ է ստացել նաև բանտարկված այլ լրագրողների և ակտիվիստների նկատմամբ ճնշումների ուժեղացման մասին։ Նոյեմբերի 5-ին ոստիկանությունը ձերբակալել է Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլիի զարմիկին՝ Ագիլ Ալիևին։ Հաղորդվում է, որ նրա վրա ճնշում են գործադրել՝ ստիպելով հեռուստատեսությամբ հանդես գալ և դատապարտել հորեղբորը, ինչպես նաև մեկ այլ բանտարկված ընդդիմադիր առաջնորդի՝ Ալի Քերիմլիին։
Միևնույն ժամանակ, Meydan TV-ի գլխավոր խմբագիր Այնուր Էլգյունաշը, որը ձերբակալվել էր 2024 թվականի դեկտեմբերի 6-ին, նոյեմբերի 13-ին ենթարկվել է երիկամի շտապ վիրահատության։ Մինչ այդ, դատարանները բազմիցս մերժել են բժշկական նկատառումներով ազատ արձակել Այնուր Էլգյունաշին, որն ունի ֆիզիկական հաշմանդամություն և նախկինում տարել է 20 վիրահատություն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի