«Որևէ այնպիսի տվյալ, որի մասին խոսվել է երեկ այս ամբիոնից մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, մենք չունենք»․ Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գեւորգյանի մահվան հանգամանքների մասին

«Դեպքի հետ կապված առիթ ենք ունեցել պարզաբանում ներկայացնելու․ որևէ այնպիսի տվյալ, որի մասին խոսվել է երեկ այս ամբիոնից մեր հարգելի ընդդիմադիր գործընկերների կողմից, մենք չունենք։ Եթե անձի ինքնազգացողությունը վատացած լիներ ավելի շուտ, քան դեպքը պատահելու օրը, դրա մասին մենք տեղյակ կլինեինք։ Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ մենք կարող էինք անգործություն դրսևորել, ապա ես վստահ եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները ձայն կբարձրացնեին և կստիպեին մեզ ուշադիր լինել, որ ինքնազգացողությունը կոնկրետ անձի վատացել է։ Այդպիսի փորձ մենք ունենք տարբեր դեպքերում»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

ՔՊ-ական Ալխաս Ղազարյանն էր հետաքրքրվել Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի՝ բանտում մահվան հանգամանքներով՝ հիշեցնելով, որ երեկ հայտարարությունների ժամին «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տարբեր վարկածներ առաջ քաշեցին՝  սկսած նրանից, որ Արսեն Գեւորգյանի ինքնազգացողությունը վատացել է երկու օր առաջ, ինչ-որ դեղամիջոց են սրսկել, կամ շտապօգնությունը հասել է ուշ, և Արսեն Գևորգյանը մահացել է մինչև շտապօգնության այնտեղ հասնելը, մինչև անգամ ՔՊ-ին մեղադրեցին խոշտանգման կամ Արսեն Գևորգյանին սպանելու հարցում։

«Ես կրկին ուզում եմ ասել՝ փա՜ռք Աստծո, որ մենք ունենք քրեակատարողական հիմնարկում տեղադրված տեսախցիկ, որը արձանագրել է հստակ րոպեները, թե ինչ հաճախականությամբ են ծառայողները մոտեցել խցին, ինչ արագությամբ է արձագանքը եղել, երբ է գրանցվել շտապօգնության կանչը, ե՞րբ է ժամանել շտապօգնությունը քրեակատարողական հիմնարկ… Մինչև քրեակատարողական հիմնարկ հայտնվելը, դատական նիստի ընթացքում իր առողջության հետ կապված որևէ բողոք-դիտարկում չի ներկայացրել։ Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում երբևէ որևէ անհանգստություն չի արտահայտել… այլևս իր առողջության վիճակի հետ կապված։ Մենք չունենք փաստաթղթավորված որևէ ազդակ, որ տվյալ անձը իրեն վատ է զգացել։

Ինքնազգացողության վատացումը եղել է հենց դեպքի օրը՝ առավոտյան, ինչին ծառայողները և բժշկական սպասարկում իրականացնող անձինք հրատապ կերպով արձագանքել են, և մահը, ըստ արձանագրված փաստի, վրա է հասել սուր սրտային անբավարարությունից։ Սրանք փաստեր են, որոնց հետ մենք պետք է առերեսվենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment