Ադրբեջանը շարունակում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնել որպես աղվանական։
Այս անգամ ադրբեջանական քարոզչության հերթական դրվագը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի տարածքում գտնվող Ամարասի վանքն է․ նոյեմբերի 18-ին վանք են այցելել Ադրբեջանի ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները։
«Ամարասի վանական համալիր ալբանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչների այցը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման, դրա պատմական և ազգային ինքնության խեղաթյուրման հետևողական քաղաքականության։ Ամարասը պարզապես կրոնական կառույց կամ ուխտատեղի չէ։ Այն հայ ժողովրդի բազմադարյա պատմության, հոգևոր և մշակութային ժառանգության բացառիկ հուշարձաններից է, որի պատմությունն անքակտելիորեն կապված է Հայոց Արևելից կողմանց հոգևոր կյանքի, Մեսրոպ Մաշտոցի գործունեության և հայկական գրավոր մշակույթի տարածման հետ»,- MediaHub-ին ասաց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «ՅՈւՆԵՍԿՕ Արմենիա» ՀԿ-ի պատվավոր խորհրդի անդամ Հովիկ Ավանեսովը։
Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության հաղորդմամբ՝ Ամարասը ներկայացվում է կովկասյան Աղվանքի հնագույն կրոնական ժառանգության կարևորագույն նմուշներից մեկը, իսկ վանքը ներկայացվում է որպես Աղվանքի կարևոր հոգևոր և եպիսկոպոսական կենտրոն։ Ավանեսովի խոսքով՝ սա, պատմական հուշարձան այցելելու մասին տեղեկություն չէ․ այն տեղավորվում է Ադրբեջանի՝ Արցախի հայկական պատմության և մշակութային հետքի վերագրման ավելի լայն համատեքստում։
«Ամարասը հայ ժողովրդի քրիստոնեական և կրթական պատմության առանցքային սրբավայրերից է։ Պատմական ավանդության համաձայն՝ 4-րդ դարում այստեղ եկեղեցի է հիմնադրել Գրիգոր Լուսավորիչը, իսկ նրա թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը, թաղվել է Ամարասում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ հիմնել է հայերեն գրի ուսուցման առաջին դպրոցներից մեկը։ Վանքը դարեր շարունակ եղել է Հայ Առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր կենտրոններից։ Ամարասը հայկական է իր պատմությամբ, հոգևոր ժառանգությամբ, ճարտարապետությամբ և պատմական հիշողությամբ։ Որևէ քաղաքական քարոզչություն, վարչական որոշում կամ արհեստածին պատմագիտական հայեցակարգ չի կարող փոխել պատմական իրողությունները։ Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման փորձերը չեն կարող փոխարինել գիտական փաստերին, իսկ պատմության կեղծարարությունը՝ պատմական ճշմարտությանը»։
Կովկասյան Աղվանքի պատմական գոյությունն, իհարկե, պատմագիտական փաստ է։ Սակայն դրանից չի հետևում, թե տարածաշրջանի բոլոր հին քրիստոնեական կառույցները կարելի է միանշանակ վերագրել աղվանական ժառանգությանը՝ անտեսելով դրանց հայկական պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները, եկեղեցական պատկանելությունն ու վիմագրական վկայությունները։
Խնդիրը միայն պատմության մեկնաբանությունը չէ։ 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախի հայաթափման հետևանքով ավելի քան 100 հազար հայեր հարկադրաբար լքեցին իրենց տները, հայկական եկեղեցիները, վանքերն ու գերեզմանոցները մնացին Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առանց անկախ և մշտական միջազգային վերահսկողության։
Ուդիները կովկասյան ժողովուրդ են, և նրանց պատմական ու քրիստոնեական ժառանգությունը պահպանելու իրավունքը կասկածի տակ դնելու խնդիր չկա։ Սակայն մի համայնքի գոյությունն ու պատմական ժառանգությունը չեն կարող հիմք դառնալ մեկ այլ ժողովրդի մշակութային ժառանգության վերագրման համար։
«Ամարասի հայկական ինքնության պաշտպանությունը ոչ միայն ազգային հիշողության պահպանման, այլ նաև համամարդկային մշակութային ժառանգության պաշտպանության և պատմական արդարության վերականգնման խնդիր է»,– եզրափակեց մեր զրուցակիցը։