Թրամփի խաղաղության խորհուրդը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի պարտավորությունները ձախողելու մեջ. Reuters

Թրամփի խաղաղության խորհուրդը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի պարտավորությունները ձախողելու մեջ. Reuters

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ծրագրի իրականացումը վերահսկող մարմինը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին մեղադրել է ռազմական գործողությունների դադարեցման պարտավորությունները չկատարելու մեջ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Խաղաղության խորհրդի զեկույցին, դա սպառնում է հրադադարին և անկլավի բնակիչներին թողնել ծանր պայմաններում:

12 էջանոց փաստաթուղթը Խաղաղության խորհրդի երկրորդ զեկույցն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար՝ ԱՄՆ-ի աջակցությամբ հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր (13 ամիս առաջ): Ակնկալվում է, որ գնահատման արդյունքները կներկայացվեն Նյու Յորքում Անվտանգության խորհրդի նիստում՝ նոյեմբերի վերջին:

«Ձեռք բերված պայմանավորվածությունների և տեղում կատարվողի միջև եղած խոր անդունդը շարունակում է մնալ այս գործընթացի գլխավոր սպառնալիքը»,- ասվում է զեկույցում: Փաստաթղթում նշվում է նաև, որ «հրադադարը, որը որևէ տեսանելի արդյունք չի բերում, չի կարող անվերջ պահպանվել»:

Թեև կրակի դադարեցումը կանգնեցրել է լայնածավալ ռազմական գործողությունները, ավելի լայն խաղաղության ծրագրի իրականացումը փաստացի կանգ է առել անցյալ տարի այն ուժի մեջ մտնելուց հետո: Ծրագիրը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում, իսրայելական զորքերի դուրսբերում և Գազայի հատվածի վերականգնման սկիզբ:

Հուլիսին ՀԱՄԱՍ-ը համաձայնել էր Խաղաղության խորհրդի ճանապարհային քարտեզին, որը նախատեսում է զենքի հանձնում և անկլավի կառավարման փոխանցում քաղաքացիական անցումային վարչակազմին: Սակայն Իսրայելը մերժել է այդ ծրագիրը՝ հայտարարելով, որ դուրս չի բերի զորքերը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի վերացվել:

Իսրայելը գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Գազայի թիրախներին: Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, ՀԱՄԱՍ-ի զինյալները շարունակում են հարձակումները իսրայելական զինծառայողների վրա:

«Ամեն օր, երբ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի թիրախներին, հետաձգում է ստուգումը, թե որքանով է շարժումը պատրաստ կատարելու ճանապարհային քարտեզով ստանձնած իր պարտավորությունները»,- ասվում է փաստաթղթում:

Միևնույն ժամանակ, նշում են զեկույցի հեղինակները, ՀԱՄԱՍ-ը շարունակում է ռազմական ակտիվությունը, իսկ կողմերը լիովին չեն կատարել բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու պարտավորությունը: Արդյունքում անկլավի բնակչությունը վտանգում է ևս մեկ ձմեռ դիմավորել վրաններում և ավերակների մեջ:

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Բասեմ Նաիմը զեկույցը «մաքուր ապատեղեկատվություն»է որակել: Նրա գնահատմամբ՝ Խաղաղության խորհուրդը փորձում է ծածկել Իսրայելին՝ թույլ տալով նրան խուսափել խաղաղության ծրագրով ստանձնած պարտավորություններից և շարունակել ռազմական գործողությունները Գազայում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը և նրա ներկայացուցիչն օպերատիվ կերպով չեն պատասխանել Reuters-ի մեկնաբանության խնդրանքին:

Գազայում բնակվում է ավելի քան 2 միլիոն պաղեստինցի: Նրանք կենտրոնացած են անկլավի տարածքի մոտավորապես մեկ երրորդում՝ հիմնականում վրաններում և վնասված շենքերում, մինչդեռ տարածքի երկու երրորդը վերահսկում է Իսրայելը: Այս տարածքի զգալի մասը ավերված է, իսկ բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց տները:

Խաղաղության խորհուրդը քննադատել է նաև Իսրայելի կառավարությանը քաղաքացիական պաղեստինյան ոստիկանության պատրաստման և տեղակայման վերաբերյալ որոշումների բացակայության համար, որը պետք է փոխարինի ՀԱՄԱՍ-ին հասարակական կարգի ապահովման գործում: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ դա խոչընդոտում է խաղաղության ծրագրի լիարժեք իրականացմանը:

Բացի դրանից, Իսրայելի կողմից ապրանքների և սարքավորումների մատակարարման սահմանափակումները, ինչպես նաև ֆինանսավորման պակասը դժվարացնում են նախապատրաստությունը սեզոնային հեղեղումներին և դրանց հետևանքների դեմ պայքարին: Անցյալ շաբաթ ուժեղ անձրևները հեղեղել են տեղահանվածների ճամբարները Գազայի ամբողջ հատվածում. ամսվա վերջին սպասվում են նոր տեղումներ: Ընդ որում, ըստ զեկույցի, ՀԱՄԱՍ-ը հարկեր է գանձում անկլավ մուտք գործող ապրանքներից, ինչն ազդում է առաջնային անհրաժեշտության առարկաների մատչելիության վրա:

Խաղաղության խորհուրդը ստեղծել է Թրամփը՝ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո սկսված պատերազմը դադարեցնելու նրա ծրագրի իրականացումը վերահսկելու նպատակով: Այն ժամանակ Իսրայելում զոհվել էր շուրջ 1200 մարդ: Ըստ Reuters-ի նյութում բերված տվյալների՝ Իսրայելի հետագա ռազմական գործողությունները հանգեցրել են 74 հազար պաղեստինցիների մահվան:

2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի հաստատումից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 1600 պաղեստինցի, նրանց թվում՝ բազմաթիվ խաղաղ բնակիչներ, և հինգ իսրայելցի զինծառայող:

Չնայած Թրամփի ծրագրի լայն միջազգային աջակցությանը՝ Խաղաղության խորհուրդն ինքնին թերահավատություն է առաջացնում ԱՄՆ-ի շատ արևմտյան դաշնակիցների շրջանում: Չորեքշաբթի Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն գա Գազայից, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի վերացվել, իսկ անկլավը չի ապառազմականացվել:

Leave a comment