«Չեք աճել այդքան, որ Վասիլիչին ճանաչեք»․ Փաշինյանը՝ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի Էդգար Ղազարյանը քննադատեց իշխանություններին՝ հայտարարելով, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացը պայմանավորված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջներով։ Նա նաև անդրադարձավ վարչապետի՝ նախկին սահմանադրական հանրաքվեների կեղծված լինելու մասին պնդումներին։

Ղազարյանը հիշեցրեց, որ 1995 թվականի Սահմանադրության ընդունման և 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման գործընթացներում ներգրավված որոշ պաշտոնյաներ հետագայում պաշտոններ են զբաղեցրել գործող իշխանության օրոք։ Նրա խոսքով՝ եթե հանրաքվեների կեղծման համար պատասխանատվության հարց կա, ապա այն պետք է հասցեագրվի նաև գործող իշխանություններին։
Պատգամավորը նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում արած հայտարարությունը, որ որպես գերագույն գլխավոր հրամանատար` պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին այս ամբիոնից վարչապետն ասել է, որ ինքը որպես գերագույն հրամանատար պատրաստ է զոհվելու հանուն հայրենիքի: Ես կարծում եմ, որ երբ որ ինքը իր խոստումը կատարի, շատ խնդիրներ ինքնաբերաբար կլուծվեն»,- հայտարարեց Ղազարյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեների արդյունքները կեղծվել են, և ժողովուրդն իրավունք ունի ունենալ լեգիտիմ Սահմանադրություն։
Վարչապետը նաև ընդդիմությանը մեղադրեց Ադրբեջանի նախագահի անունը շահարկելով Սահմանադրության փոփոխությունն ու խաղաղության գործընթացը վարկաբեկելու փորձերի մեջ։

«Ես ասում եմ նորություն, այսօր մի հատ սենսացիա եմ բացել ձեզ համար․ խաղաղությունը Ալիևի հետ պետք է ստորագրվի: Եվ եթե այդ տրամաբանության շահարկումների ճանապարհով եք գնում, դրանով ապացուցվում է, որ դուք խաղաղությանը դեմ եք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև պնդեց, որ ընդդիմադիր որոշ գործիչներ խորհրդարանում հայտնվել են խաղաղության գործընթացին խոչընդոտելու նպատակով։ Նա ակնարկեց ընդդիմության ենթադրյալ արտաքին հովանավորների մասին՝ օգտագործելով «Վասիլիչ» և «Նիկոլայիչ» անունները։

«Երբ որ խաղաղությունը հաստատվի, ձեզ գործուղածներն են… որ ասում են՝ գնացեք, սաղ լուծված է, երաշխավորում ենք… Գնացեք, որ հոպարին տեսնեք, ասեք՝ բա ի՞նչ եղավ այդ բաները: Բայց երաշխավորները՝ ձյաձյան, բանը, Վասիլիչը, Նիկոլայիչը բան էին ասում, ասելու են՝ ի՞նչ եղավ»,- հայտարարեց Փաշինյանը։

Էդգար Ղազարյանը նշեց, որ չի ճանաչում վարչապետի հիշատակած «Վասիլիչին» և «Նիկոլայիչին» և երբևէ նրանց հետ առնչություն չի ունեցել։ Փոխարենը նա հիշեցրեց Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հնչեցրած հայտարարությունները։

«Ցավոք սրտի, առնչություն եմ ունեցել ձեզ հետ՝ որպես մեր երկրի ղեկավարի, ով որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին այս նույն ամբիոնից կանգնած ասում էր, որ մենք 1 միլիմետր չենք զիջի մեր Արցախից, մեր պատմությունից, մեր արժանապատվությունից…»,- ասաց Ղազարյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանը ընդդիմությանը մեղադրեց պատերազմի ընթացքում իշխանափոխություն իրականացնելու փորձերի մեջ։ Նա նաև հեգնանքով անդրադարձավ Ղազարյանի հայտարարությանը, թե չի ճանաչում «Վասիլիչին»։

«Իսկ դուք գիտե՞ք՝ ինչի Վասիլիչին չեք ճանաչում, որովհետև չեք աճել այդքան, չեք աճել․ ձեր շարքում մի հոգի կա, այստեղ ձեր մեջ նստած մարդ չկա, որ Վասիլիչին ճանաչում է, որովհետև ոչ մեկդ չեք աճել այդքան»,- հայտարարեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment