Ինչո՞ւ չի փոխվում Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը. Պաշտպան Արսեն Բաբայանը ուշագրավ մանրամասներ հայտնեց

Դատական նիստից՝  հետո լրագրողները Խաչիկ Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանից հետաքրքրվեցին՝ Գալստյանը շարունակում է մնալ տնային կալանքում, ինչո՞ւ դատավորը չի ցանկանում փոխել այդ որոշումը:

Ի պատասխան՝ Արսեն Բաբայանը նշեց.

«Ըստ որոշման՝ գրել է, որ պետք է բոլոր վկաները հարցաքննվեն, հետո։ Արդեն 12 վկա է հարցաքննվել, ընդհանուր 34-35 հոգի էին: Դատախազի ասած՝ առանցքային վկաները հարցաքննվել են, այդ ցուցակից միայն մեկն է մնացել, որը արդեն տևական ժամանակ չի ներկայանում դատարան»,- ասաց Արսեն Բաբայանը: «Հենց առանցքայինները հարցաքննվեցին, դատախազը պնդեց, որ մյուս բոլորը ևս պետք է հարցաքննվեն»,- հավելեց նա: Բաբայանը կրկին շեշտեց, որ ոչ միայն Խաչիկ Գալստյանը, այլև Արամ Քոչարյանը քաղհալածյալներ են, երկուսն էլ քաղաքական հետապնդման տակ են. «Այս երկրում մեկ հոգի է որոշում՝ ինքն է կառավարությունը, ինքն է ամեն ինչը, հետևաբար, երբ դու հայտարարում ես, որ ամեն ինչը դու ես, ուրեմն բոլոր թերությունների մեղավորն ու պատասխանատուն էլ դու ես: Ինքը ասել է՝ ես եմ կառավարությունը, ես եմ ամբողջ իշխանությունը, հետևաբար՝ ով էլ լինի, այո, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն է կատարում»:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ իր կարծիքով դատավորները կաշկանդվա՞ծ են որոշում կայացնելիս, թե՞ ոչ, Արսեն Բաբայանը մի դրվագ պատմեց. «Բոլոր դատական նիստերում, երբ քննարկվել է խափանման միջոցի հարցը, որոշումը դատարանն ընդունել է տեղում, դատական նույն նիստի ընթացքում:

Մասնավորապես, կողմերին լսելուց հետո դատարանն արձանագրել է որոշմամբ, որ լսելով կողմերին՝ որոշեց երկարացնել: Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը, լսելով կողմերին, որոշեց գնալ առանձին սենյակ՝ հայտարարելով, որ ժամը 18:00-ից 10-ը պակաս կլինի որոշումը՝ կալանքը երկարացնում է, թե փոխում է: 10 պակաս եկան, հայտարարեցին, որ դեռ չի լինելու, մի քիչ էլ սպասենք: Ժամը 19-ի սահմաններում սպասում էինք, եկան, ասացին, որ որոշումը կլինի վաղը: Այդպիսի բան երբեք չէր եղել: Հիմա, որ սրան զուգահեռ նաև հիշում ենք, որ հենց այդ օրը, հաջորդ օրը և նաև մյուս օրը COP17-ն էր, ու որոշ պաշտոնատար անձինք հասանելի չէին, առաջարկում եմ բոլորով մտածել՝ այստեղ արդեն կապ կա՞, թե՞ ոչ»:
Ռուբեն Մելիքյանն էլ հավելեց. «Մենք ընդամենը փաստեր ենք ներկայացնում, և թող յուրաքանչյուրը իր դատողությունն անի… Գիտեք, որ այս գործով զբաղվում է մեր գործընկերը՝ Արսեն Բաբայանը: Ուղղակի իսկապես այն համոզմանն ենք, և իմ անունից էլ եմ ասում, և «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անունից էլ, որ այս գործով արդեն իսկապես դուրս ենք եկել ողջամտության սահմաններից: Ցավոք սրտի, այսօր համոզվեցինք դրանում»:

Նա նաև փաստեց. «Լինում են վկաներ, որոնք գալիս, ասում են՝ ես ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, բայց ինչ-որ կասկածներ քեզ մոտ ամեն դեպքում մնում են: Այս դեպքում այդ դեպքը չէր… Մեր հանրությունը, առաջին հերթին՝ իրավաբանական հանրությունը, նաև լայն հանրությունը կարողացավ հավաստիանալ, որ, օրինակ, այս վկայի պարագայում այդ ռիսկը մեր պատկերացմամբ զրոյական է: Իսկ այդպիսի մարդիկ շատ են»:

Մանրամասն՝ տեսանյութում

Դատական նիստն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment