Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել են Արևմուտքի առևտրային քաղաքականությունը, մաքսատուրքերը և տնտեսական պատժամիջոցները՝ Չինաստանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանն ընդառաջ, գրում է Modern Diplomacy-ն։ Շենչժենում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում նրանց հնչեցրած հայտարարություններն ընդգծեցին միջազգային տնտեսական կարգի շուրջ աճող տարաձայնությունները այն պահին, երբ երեք խոշոր տերությունները պատրաստվում են քննարկել հարցերի լայն շրջանակ՝ առևտրից ու արհեստական բանականությունից մինչև տարածաշրջանային հակամարտություններ և միջուկային անվտանգություն։
Թրամփը Չինաստան է ժամանել Մանիլայում տարածաշրջանային դաշնակիցների հետ հանդիպումից հետո, որտեղ խոստացել էր խորացնել պաշտպանական համագործակցությունը Ֆիլիպինների հետ՝ Հարավչինական ծովում Պեկինի հետ վերջինիս ունեցած վեճերի ֆոնին։ Սին անձամբ է նրան դիմավորել օդանավակայանում, ինչն առաջին դեպքն է նախագահ դառնալուց ի վեր, երբ նա նման կերպ է ողջունում այցելող առաջնորդին։ Այս ժեստով նա պատասխանեց սեպտեմբերին «Էնդրյուս» միացյալ ռազմակայանում Թրամփի կողմից իրեն ցուցաբերված ընդունելությանը։
Չինաստանի պետական «Սինհուա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սին նշել է, որ Պեկինը կարևորում է դիվանագիտական հարգանքը և ակնկալում է քննարկել երկկողմ հարաբերությունները, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությունը և ավելի լայն միջազգային իրադրությունը։ Թրամփն իր հերթին Սիի հետ նախորդ հանդիպումները բնութագրել է որպես շատ հաճելի։
Ակնկալվում է, որ երկու առաջնորդները կմասնակցեն APEC-ի խմբակային լուսանկարահանմանը և հանդիսավոր ընթրիքին, որից հետո հինգշաբթի օրը կմիանան Պուտինին՝ եռակողմ հանդիպում անցկացնելու համար։ Հանդիպման օրակարգում կարող են լինել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը, Իրանի շուրջ ծավալվող հակամարտությունը, առևտրային լարվածությունը, արհեստական բանականությունը և միջուկային զենքը։
Նոր փորձություն միջազգային կարգի համար
Նախատեսված հանդիպումը համեմատությունների տեղիք է տվել 1945 թվականի Յալթայի կոնֆերանսի հետ, որտեղ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Խորհրդային Միությունը քննարկում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհակարգի հաստատման և Եվրոպայում ազդեցության գոտիների բաշխման հարցերը։ Թեև հանգամանքները տարբեր են, այս համեմատությունն արտացոլում է մտահոգություններն առ այն, որ խոշոր տերությունները կարող են միջազգային անվտանգության վերաբերյալ պայմանավորվածությունների գալ՝ պատշաճ կերպով հաշվի չառնելով փոքր երկրների շահերը։
Եվրոպական և ասիական կառավարություններն անհանգստություն են հայտնել այն հավանականության կապակցությամբ, որ Վաշինգտոնը, Պեկինն ու Մոսկվան կարող են կայացնել որոշումներ, որոնք կազդեն իրենց անվտանգության և տնտեսական շահերի վրա։
Երեք առաջնորդները նաև ներկայացնում են միջազգային կարգի վերաբերյալ մրցակցող տեսլականներ։ Վաշինգտոնը շարունակում է կենտրոնական դեր խաղալ գործող անվտանգության ճարտարապետության մեջ, մինչդեռ Պեկինը ձգտում է ավելի մեծ դերակատարում ունենալ համաշխարհային տնտեսական և տեխնոլոգիական կառավարման գործում։ Մոսկվան էլ իր հերթին գնալով ավելի է մարտահրավեր նետում արևմտյան ազդեցությանը՝ Ուկրաինա ներխուժելուց և դրան հաջորդած պատժամիջոցներից հետո։
Հետևաբար, նրանց հանդիպումը դուրս է գալիս երկկողմ դիվանագիտության շրջանակներից։ Երեք կողմերի միջև ձեռք բերված ցանկացած փոխըմբռնում կարող է ազդել միջազգային խոշոր վեճերի կարգավորման վրա, թեև անվտանգության, առևտրի և տարածաշրջանային ազդեցության հարցերում առկա տարաձայնությունները կարող են սահմանափակել համաձայնության հասնելու հնարավորությունները։
Սին Չինաստանը ներկայացնում է որպես ազատ առևտրի պաշտպան
APEC-ում իր ելույթի ժամանակ Սին կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրը՝ Չինաստանը ներկայացնելով որպես բազմակողմ տնտեսական համագործակցության կողմնակից այն ժամանակ, երբ Վաշինգտոնն ընդլայնել է մաքսատուրքերն ու արտահանման սահմանափակումները։
Նա երկրներին հորդորել է հավատարիմ մնալ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շուրջ կառուցված և կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգին՝ միաժամանակ դեմ արտահայտվելով հովանավորչականությանը (պրոտեկցիոնիզմին) և միակողմանի տնտեսական միջոցառումներին։
Ելույթը հնչել է այն բանից կարճ ժամանակ անց, երբ Վաշինգտոնը հայտարարեց Nvidia-ի նման ընկերությունների արտադրած արհեստական բանականության առաջադեմ չիպերի՝ Չինաստանին հասանելիության նոր սահմանափակումների մասին։ Այս քայլերը սպառնում են բարդացնել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև առանց այն էլ փխրուն առևտրային զինադադարը, իսկ Պեկինը զգուշացրել է, որ կարող է պատասխան քայլեր ձեռնարկել։
Սին նաև խոստացել է շարունակել ներդրումները Չինաստանի արդյունաբերական կարողությունների և զարգացող տեխնոլոգիաների ոլորտում։ Նա նշել է, որ Պեկինը կնվազեցնի մաքսատուրքերը և էլ ավելի կբացի իր շուկաները՝ միաժամանակ դիմակայելով իր բնորոշմամբ հովանավորչական քաղաքականությանը։
Այնուամենայնիվ, Չինաստանի՝ որպես ազատ առևտրի պաշտպան հանդես գալու փորձերը լուրջ միջազգային քննադատության են արժանանում։ Երկրի տարեկան առևտրային հավելուրդը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը, ինչն առևտրային գործընկերների շրջանում մտավախություն է առաջացնում, որ արտադրությանը ցուցաբերվող պետական աջակցությունը հանգեցրել է արդյունաբերական անհավասարակշռության և թուլացրել ներքին սպառումը։
ԱՄՆ-ը, Եվրամիությունը և այլ տնտեսություններ նույնպես մտահոգություն են հայտնել ռազմավարական մատակարարման շղթաներում Չինաստանի գերիշխող դիրքի կապակցությամբ՝ պնդելով, որ նրա արդյունաբերական քաղաքականությունը կարող է տնտեսական կախվածություն ստեղծել և Պեկինին աշխարհաքաղաքական լծակներ տրամադրել։
Չինաստանը պնդում է, որ իր զարգացման մոդելը համապատասխանում է մի տնտեսության, որը դեռևս փորձում է հասնել աշխարհի ամենահարուստ երկրներին։
Այնուհանդերձ, Սիի ուղերձը կարող է գրավիչ լինել զարգացող տնտեսությունների համար, որոնք ձգտում են ավելի մեծ հասանելիություն ունենալ միջազգային շուկաներին և գտնել Արևմուտքի գլխավորած տնտեսական համակարգերի այլընտրանքներ։ The Asia Group-ի գործընկեր և թվային պրակտիկայի ղեկավար Ջորջ Չենը նշել է, որ այս հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, արձագանք կգտնեն Գլոբալ հարավի երկրներում և կամրապնդեն Պեկինի փորձերը՝ տարբերակելու իր տեխնոլոգիական ռազմավարությունը Վաշինգտոնի մոտեցումից։
Պուտինը կասկածի տակ է դնում արևմտյան պատժամիջոցների արդյունավետությունը
Գագաթնաժողովում Սիից հետո ելույթ է ունեցել Պուտինը՝ քննադատելով Արևմուտքի տնտեսական ազդեցությունն ու Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։
Արևմտյան տերություններին անվանելով «նախկին հեգեմոններ»՝ Ռուսաստանի նախագահը պնդել է, որ տնտեսական ճնշման ավանդական գործիքները մեծապես կորցրել են իրենց արդյունավետությունը։ Նա նաև նշել է, որ Եվրոպան գտնվում է «նվաստացուցիչ անկման» շրջանում։
Պուտինը հայտարարել է, որ պատժամիջոցները, մաքսատուրքերը և արտահանման սահմանափակումներն այլևս չեն կարող կանխել տնտեսական աճը կամ ջախջախել արևմտյան կառավարությունների թիրախում հայտնված երկրների տնտեսությունները։
Նրա այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Ուկրաինան շարքից հանեց Ղրիմը Ռուսաստանին կապող Կերչի ավտոմոբիլային կամուրջը՝ լուրջ հարված հասցնելով Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ հաղորդակցության ուղուն արդեն չորս տարի շարունակվող պատերազմի ընթացքում։
ՌԴ նախագահի քննադատությունն արտացոլում է Մոսկվայի ավելի լայն ջանքերը՝ վիճարկելու արևմտյան տնտեսական սահմանափակումների լեգիտիմությունն ու արդյունավետությունը։ Ուկրաինա ներխուժելուց ի վեր Ռուսաստանը ձգտում է պահպանել առևտրատնտեսական հարաբերություններն արևմտյան պատժամիջոցների շրջանակից դուրս գտնվող երկրների հետ։
Սակայն պատժամիջոցների երկարաժամկետ հետևանքները շարունակում են վիճահարույց մնալ։ Թեև դրանք չեն ստիպել Մոսկվային հրաժարվել իր ռազմական արշավից, տեխնոլոգիաների, ֆինանսների և միջազգային առևտրի սահմանափակումները շարունակում են ազդել Ռուսաստանի տնտեսական միջավայրի վրա։
Պատժամիջոցները մաքսատուրքերի և արտահանման վերահսկողության հետ նույն հարթության վրա դնելով՝ Պուտինը փորձել է արևմտյան տնտեսական ճնշումը ներկայացնել որպես միջազգային ազդեցության գնալով հնացող գործիք։
Ճապոնիայի անհարմար դիրքն ընդգծում է տարածաշրջանային պառակտումները
Գագաթնաժողովը նաև բացահայտեց Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներսում առկա լարվածությունը։ Ավստրալիայի, Կանադայի և Հարավային Կորեայի առաջնորդներին Չինաստանում դիմավորել են պաշտոնական արարողակարգով՝ պարողների և զինվորականների մասնակցությամբ։ Ի հակադրություն դրա՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիին ժամանելուն պես ուղեկցել են անմիջապես իր ավտոմեքենայի մոտ՝ առանց համանման ընդունելության։
Նրա այցը տեղի է ունենում Տոկիոյի և Պեկինի միջև լարված հարաբերությունների ֆոնին։ Վեճն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ Տակաիչին հայտարարեց, որ Ճապոնիան կարող է դիտարկել ռազմական միջամտության հնարավորությունը, եթե Թայվանի դեմ Չինաստանի քայլերը սպառնան նաև ճապոնական տարածքին։
Դիվանագիտական այս շփոթությունն արտացոլում է Թայվանի անվտանգության և Արևելյան Ասիայում ուժերի հավասարակշռության շուրջ առկա ավելի լայն տարաձայնությունները։ Ճապոնիայի դիրքորոշումը հատկապես զգայուն է դարձել այն պայմաններում, երբ Չինաստանն ուժեղացնում է ռազմական ճնշումը կղզու շուրջ, իսկ տարածաշրջանի կառավարությունները վերանայում են իրենց անվտանգության համակարգերը։
Երեքշաբթի օրը Թայվանը և Ճապոնիան նաև հայտնել են իրենց օդային տարածք ռուսական ինքնաթիռների ներխուժման մասին՝ լրացուցիչ լարվածություն հաղորդելով առանց այն էլ պայթյունավտանգ տարածաշրջանային իրավիճակին։
Միևնույն ժամանակ, Թրամփի այցը Մանիլա ներառում էր Ֆիլիպինների հետ պաշտպանական համագործակցությունը խորացնելու խոստում, մի երկրի, որի հարաբերությունները Պեկինի հետ գնալով բարդանում են Հարավչինական ծովում վիճելի տարածքների պատճառով։
Թրամփը նաև բարձրացրել է Չինաստան կատարած այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հավանականության հարցը, թեև նման հանդիպում դեռևս չի հաստատվել։
Ի՞նչ է սպասվում հաջորդիվ
Թրամփի, Սիի և Պուտինի եռակողմ հանդիպումը փորձություն կլինի՝ պարզելու, թե արդյոք երեք կառավարությունները կարող են գտնել համագործակցության եզրեր՝ չնայած իրենց մրցակցող ռազմավարական շահերին։
Վաշինգտոնի համար անմիջական առաջնահերթությունների թվում են Չինաստանի հետ առևտրային լարվածության կառավարումը, Իրանի և Ուկրաինայի հակամարտությունների կարգավորումը և Ասիայում անվտանգության իր պարտավորությունների պահպանումը։ Պեկինը կձգտի պաշտպանել իր տեխնոլոգիական հավակնությունները, ամրապնդել միջազգային տնտեսական դիրքերը և ներկայանալ որպես կառուցողական դիվանագիտական ուժ։ Մոսկվան էլ իր հերթին հնարավորություններ կփնտրի արևմտյան պատժամիջոցները վիճարկելու և Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման նկատմամբ միջազգային ավելի լայն ընդունելության հասնելու համար։
Կրեմլը Յալթայի կոնֆերանսի հետ համեմատությունները որակել է որպես քաղաքական շահարկում՝ միաժամանակ ընդունելով հանդիպման հնարավոր կարևորությունը համաշխարհային գործընթացների համար։ Պեկինը նմանապես այս հավաքը բնութագրել է որպես միջազգային խաղաղությանը նպաստելու հնարավորություն։
Այնուամենայնիվ, երեք տերությունների շահերը պարտադիր չէ, որ համընկնեն։ Թայվանի, Ուկրաինայի, Իրանի, առևտրի և առաջադեմ տեխնոլոգիաների շուրջ նրանց տարաձայնությունները կարող են դժվարացնել բովանդակային համաձայնությունների ձեռքբերումը։
Ուստի հանդիպման ավելի լայն նշանակությունը կախված կլինի ոչ միայն նրանից, թե ինչ կհայտարարեն առաջնորդները, այլև նրանից, թե արդյոք նրանց քննարկումները կհանգեցնեն գործնական պարտավորությունների։ Այս եռյակից դուրս գտնվող երկրների համար գլխավոր մտահոգությունն այն է, թե արդյոք մեծ տերությունների վերսկսված դիվանագիտությունը կամրապնդի միջազգային համագործակցությունը, թե կհաստատի մի աշխարհակարգ, որտեղ կանոններն ավելի ու ավելի շատ թելադրում են ամենաուժեղ պետությունները։