Զարմացած եմ Արմեն Գրիգորյանի թեզից, որ ՌԴ-ից պոկվելով` ընկնում ենք ԵՄ-ից կախվածության մեջ․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի, Եվրամիության հետ հարաբերությունների և Ռուսաստանի Դաշնության կողմից եկող սպառնալիքների թեմային։ Նա հակադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարություններին։

Վարդանյանը կտրականապես համաձայն չէ այն մտքի հետ, թե Ռուսաստանից հեռանալով՝ Հայաստանը պարզապես փոխում է կախվածության կենտրոնը։ «Զարմացած եմ Արմեն Գրիգորյանի թեզից, որ ՌԴ-ից պոկվելով ընկնում ենք ԵՄ-ից կախվածության մեջ, չեմ հասկանում փաստարկը որն է»,- նշում է նա՝ հակադրելով Մոսկվայի և Բրյուսելի գործելաոճերը։ «ՌԴ-ն ունի իմպերիալիստական նկրտումներ, ագրեսիվ միջոցներ է գործադրում՝ այդ պլանն իրագործի, իսկ ԵՄ-ն պետությունների միություն է, չես կարող կախվածության մեջ ընկնել»։

Անդրադառնալով այն պնդումներին, թե Ռուսաստանի կոշտ արձագանքն ու ճնշումները Հայաստանի նկատմամբ պայմանավորված են բացառապես եվրաինտեգրման ուղղությամբ արվող քայլերով, քաղաքագետն ընդգծում է․ «Փաստ չի Արմեն Գրիգորյանի ասածը, որ ՌԴ-ն ուժեղացրել է ՀՀ-ի դեմ ճնշումները՝ ԵՄ գնալու օրենքի պատճառով»։ Ըստ նրա՝ Մոսկվայի վարքագիծը կարող է ունենալ նաև այլ դրդապատճառներ. «ՌԴ-ն կարող է ջղայնանալ, ՀՀ-ի դեմ ճնշումները մեծացնել՝ ռուսամետներին ազատազրկելու պատճառով, պարտադիր չէ՝ ԵՄ օրենքը պատճառ դառնա»։

Խոսելով Ռուսաստանի գործոնի և անվտանգային միջավայրի մասին՝ Էդգար Վարդանյանը հիշեցնում է, որ սպառնալիքներն առաջացել են շատ ավելի վաղ, քան օրակարգում կհայտնվեր ԵՄ-ին անդամակցելու հարցը։

«ՌԴ-ն ՀՀ-ի համար անվտանգային ռիսկեր առաջացրել է դեռ 2018-ից, երբ ԵՄ-ի օրենքը չկար․ պատերազմ ստացանք՝ չանելով հակառուսական քայլեր, չկատարեց կանխարգելիչ գործառույթը»,- արձանագրում է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ, նա դրական տեղաշարժ է համարում այն, որ Մոսկվայի լծակները մեր տարածաշրջանում որոշակիորեն թուլացել են. «ՌԴ-ն կորցրել է ՀՀ-ին վնասելու լուրջ գործիք՝ մեր կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, որով իրենից կախվածությունը ամրացնում էր»։

Որպես ստեղծված իրավիճակից ելք և պետության զարգացման միակ երաշխիք՝ բանախոսը մատնանշում է եվրաինտեգրումը։ Փարատելով սուվերենության կորստի մասին մտավախությունները՝ Վարդանյանը վստահեցնում է. «ԵՄ մտնելով՝ ՀՀ-ն շանս կստանա արագ զարգանալու, դա սուվերենության կորուստ չի բերում, կամրապնդենք պետությունը»։

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment