Թուրքական մզկիթի տակ թաքնված է 400-ամյա հայկական եկեղեցի. «Գեղարդ»

Մուսա լեռան լանջին՝ Թուրքիայի Հաթայի նահանգի Յողունոլուք գյուղում՝ մզկիթի շինության տակ, պահպանվել է մոտ 400-ամյա հայկական եկեղեցի։

Խոսքը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մասին է։ Այն կառուցվել է 1634 թվականին, վերանորոգվել 1812 թվականին։ Այդ մասին է վկայում եկեղեցու պատին մինչ օրս պահպանված արձանագրությունը։

Հայոց ցեղասպանությունից հետո գյուղի հայ բնակչությունը կոտորվել է կամ հարկադրաբար հեռացել հայրենի բնակավայրից։ Հայերի հեռանալուց հետո գյուղում հաստատված թուրք բնակիչները եկեղեցին սկզբում օգտագործել են որպես մզկիթ, իսկ 1940-ական թվականներին նրա վրա կառուցել են մզկիթի նոր շինությունը։ Գյուղացիների փոխանցմամբ՝ պատճառը բավականին «գործնական» է եղել․ նոր շինություն կառուցելու համար տեղ ու միջոցներ չեն եղել, իսկ եկեղեցու քարե կառույցը բավական ամուր է եղել։ Հետագայում նախկին եկեղեցին օգտագործվել է նաև որպես գոմ, ախոռ և պահեստ։ Այսօր էլ այդ շինությունը Մուսա լեռան լանջին իր մեջ կրում է մի ամբողջ ժողովրդի պատմության հետքերը։

Փոխելով շինության նշանակությունը, ծածկելով եկեղեցու պատերը՝ պատմական հիշողությունը ջնջելն այնքան էլ հեշտ չէ։ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին շարունակում է մնալ հայկական պատմական ներկայության լուռ վկան Մուսա լեռան լանջին։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment