Գետեր կան, որոնք ՀՀ-ից մտնում են Ադրբեջան, դրանք ընդհանուր գետեր են, պետք է հասկանալ՝ ինչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսները կառավարելու. Փաշինյան

«Քանի որ իրականացնում ենք խաղաղության օրակարգ, երկրները, երբ որ հաղթահարում են կոնֆլիկտը, ամենատարբեր ոլորտներում պետք է համագործակցեն, մասնավորապես, անդրսահմանային ջրերի»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանն ունի  գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից մտնում են Հայաստանի տարածք, հետո նորից դուրս են գալիս ՀՀ տարածքից. «Դրանք ընդհանուր գետեր են, և մենք պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսները կառավարելու»։

Փաշինյանի խոսքով, նման համագործակցություն ունեն Իրանի հետ, Արաքս գետի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, Թուրքիայի հետ ունեն համագործակցություն՝ Ախուրյանի ջրամբարն արդեն երկար տարիներ համատեղ է օգտագործվում այդ ջրամբարի սահմանային լինելու բերումով։  

«Դա խաղաղ կյանքի շատ սովորական և անհրաժեշտ օրակարգ է, և առանց դրա դժվար է պատկերացնել»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ աշխատանքային խմբեր են ձևավորվում, սակայն հանդիպում դեռ տեղի չի ունեցել։

Leave a comment