Եվրահանձնաժողովը 2026 թվականին եվրոգոտու տնտեսության աճի կանխատեսումը նախկինում ակնկալվող 0.9%-ից բարձրացրել է մինչև 1.2%։ 2027 թվականի համար կանխատեսումը պահպանվել է 1.2%-ի մակարդակում։
Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ Եվրամիության ՀՆԱ-ն 2026 և 2027 թվականներին կաճի 1.4%-ով։ Ավելի վաղ կանխատեսվում էր համապատասխանաբար 1.1% և 1.4% աճ։
Եվրահանձնաժողովը բարձրացրել է նաև գնաճի կանխատեսումը։ Եվրագոտու համար 2026 թվականի գնաճի կանխատեսումը 3%-ից հասցվել է 3.2%-ի, իսկ 2027 թվականի համար՝ 2.3%-ից 3.1%-ի։ ԵՄ-ում գնաճը, ըստ կանխատեսումների, կկազմի համապատասխանաբար 3.3%՝ նախկին 3.1%-ի փոխարեն, և 3.2%՝ նախկին 2.4%-ի փոխարեն։
Եվրահանձնաժողովի կանխատեսմամբ՝ 2028 թվականին եվրագոտու տնտեսությունը կաճի 1.3%-ով, իսկ ԵՄ տնտեսությունը՝ 1.5%-ով։ Գնաճը համապատասխանաբար կկազմի 2.1% և 2.3%։
«Համաշխարհային էներգամատակարարման երկարատև խափանումների վերաբերյալ մտահոգությունները մեծ մասամբ իրականություն են դարձել։ Այնուամենայնիվ, դրանց ազդեցությունը տնտեսության վրա առայժմ կառավարելի է։ Տնտեսական ակտիվությունն ավելի բարձր է եղել, քան սպասվում էր, և դրական դինամիկան, հավանաբար, կպահպանվի՝ չնայած գնաճի բարձր մակարդակին և այն հանգամանքին, որ գնաճային ճնշումները կարող են ավելի կայուն լինել, քան նախկինում կանխատեսվում էր», – ասվում է Եվրահանձնաժողովի զեկույցում։
Ներքին ներդրումների թույլ դինամիկայի պայմաններում Եվրոպան շարունակում է օգտվել համաշխարհային ներդրումային բարենպաստ ցիկլից։ Արտաքին պահանջարկը, հատկապես տվյալների կենտրոնների ենթակառուցվածքների արագ ընդլայնման հետ կապված ոլորտներում, մեղմել է էներգակիրների թանկացման և ֆինանսավորման պայմանների խստացման բացասական հետևանքները։
Սպառումը նույնպես պահպանել է կայունությունը՝ զբաղվածության շարունակական, թեև ավելի դանդաղ աճի և իրական աշխատավարձերի հետագա բարձրացման շնորհիվ։
Եվրահանձնաժողովի հիմնական կանխատեսումը շարունակում է ենթադրել եվրագոտու տնտեսության չափավոր աճ՝ գնային ճնշումների աստիճանական թուլացման պայմաններում։
Եվրահանձնաժողովը բարելավել է նաև Գերմանիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը։ Ընթացիկ տարվա համար այն նախկին 0.6%-ից բարձրացվել է մինչև 1.3%, իսկ 2027 թվականի համար՝ 0.9%-ից մինչև 1%։
Ֆրանսիայի տնտեսական աճի կանխատեսումները, ընդհակառակը, վատթարացել են։ 2026 թվականի համար այն 0.8%-ից նվազեցվել է մինչև 0.4%, իսկ 2027 թվականի համար՝ 1.1%-ից մինչև 0.6%։
Եվրահանձնաժողովի կանխատեսմամբ՝ Իտալիայի տնտեսությունն այս տարի կաճի 1%-ով, իսկ հաջորդ տարի՝ 0.7%-ով։ Իսպանիայի տնտեսական աճը կկազմի համապատասխանաբար 2.6% և 2.1%։
Ակնկալվում է, որ եվրագոտում գործազրկության մակարդակը 2026 թվականին կկազմի 6.4%, 2027-ին՝ 6.5%, իսկ 2028-ին՝ 6.6%։ ԵՄ-ում ցուցանիշը համապատասխանաբար կկազմի 6.1%, 6.2% և 6.1%։
Եվրագոտու բյուջեի պակասուրդը ընթացիկ տարում կանխատեսվում է ՀՆԱ-ի 3.5%-ի, հաջորդ տարի՝ 3.6%-ի, իսկ 2028 թվականին՝ 3.8%-ի մակարդակում։
Եվրահանձնաժողովի կանխատեսմամբ՝ եվրագոտու երկրների համախառն պետական պարտքը 2028 թվականին կավելանա՝ հասնելով ՀՆԱ-ի 91.3%-ին՝ 2025 թվականի 88.6%-ի համեմատ։ ԵՄ անդամ երկրների պարտքը նույն ժամանակահատվածում կաճի ՀՆԱ-ի 82.6%-ից մինչև 85.6%։
Համաշխարհային ՀՆԱ-ի աճն ընթացիկ տարում կանխատեսվում է 3.2%, իսկ 2027 և 2028 թվականներին՝ 3.6%։ Ակնկալվում է, որ համաշխարհային առևտրի ծավալը 2026 թվականին կաճի 4.1%-ով, հաջորդ տարի՝ 5%-ով, իսկ 2028 թվականին՝ 3.8%-ով։