Հայաստանի և Ադրբեջանի՝ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցերով աշխատանքային խմբեր են ձևավորվում

Հայաստանի և Ադրբեջանի՝ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցերով աշխատանքային խմբերը ձևավորվում են։ Առջևում հանդիպումներ և քննարկումներ են։ Այս մասին կառավարության հարցուպատասխանի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ նմանատիպ աշխատանք է տարվում Իրանի հետ՝ Արաքս գետի մասով, իսկ Թուրքիայի հետ հաստատված է Ախուրյանի ջրամբարի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործումը։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի դեպքում խոսքն ընդհանուր գետերի մասին է։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ կանոններով պետք է օգտագործել ջրային ռեսուրսները և ինչպես կիրառել չափորոշիչները։ Փաշինյանը սա բնորոշել է որպես խաղաղ կյանքի սովորական օրակարգ։

Նա հավելել է, որ աշխատանքային խմբերի հանդիպում դեռ չի եղել․ այն կկայանա, և քննարկումներ կլինեն։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ 30-ամյա հակամարտությունը հնարավոր չէ անջատիչով «անջատել», հավելելով, որ բազմաթիվ ցավոտ հարցեր են մնում և դրանք պետք է համբերատար լուծել։

NEWS.am

Leave a comment