Հայկական ատոմային էլեկտրակայանում նոյեմբերի 2–18-ը գործընկերային ստուգում է անցկացվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եգիպտոսի ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայկական ԱԷԿ-ից։
Ստուգումը կազմակերպել է Ատոմային էլեկտրակայանների շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնը։
Փորձագիտական խումբը ղեկավարել է կենտրոնի խորհրդատու Դմիտրի Ալմիկիևը։
Ըստ հաղորդագրության` ստուգման նպատակն էր գնահատել ատոմակայանի արտադրական գործունեությունը՝ անվտանգ և հուսալի շահագործման տեսանկյունից, բացահայտել կայանի ուժեղ կողմերն ու հետագա բարելավման կարիք ունեցող ոլորտները։
Փորձագետները դիտարկել են արտադրական գործընթացները, ուսումնասիրել փաստաթղթերը և հարցազրույցներ անցկացրել կայանի ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Ամփոփիչ հանդիպման ընթացքում ներկայացվել են ստուգման արդյունքները, քննարկվել բացահայտված խնդիրների պատճառներն ու դրանց նպաստող գործոնները, ինչպես նաև կայանի գործունեության բարելավման հնարավորությունները։
Հայկական ԱԷԿ-ից ընդգծում են, որ նման ստուգումները կարևոր են անվտանգության մշակույթի ամրապնդման, միջազգային փորձի փոխանակման և կայանի անվտանգ ու հուսալի շահագործման շարունակական կատարելագործման համար։