«Եկել եք Ազգային ժողով բյուջեի նախագիծ ներկայացնելու ու բյուջեի առանցքային ցուցանիշներին չեք տիրապետում, բա ինչի՞ն եք տիրապետում»․ Էդգար Ղազարյանը՝ Վահե Հովհաննիսյանին

«Երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ձեզ հարց տվեց, որը վերաբերվում էր բյուջեի և մակրոտնտեսական երկու առանցքային ցուցանիշների մասին, և դուք դրան չկարողացաք պատասխանել, դրանից հետո մեկ այլ պատգամավոր՝ Նոնա Հովհաննիսյանը, ձեզ մի հարց տվեց ձեր կառավարության համար շատ կարևոր ներդրումային նախագծերից մեր պետության հնարավոր օգուտների մասին ֆինանսական չափով, դուք էլի չկարողացաք պատասխանել։ Երկու դեպքում էլ, ըստ էության, պարզվում է, որ դուք չեք տիրապետում ցուցանիշներին։ Այսինքն՝ ձեզ հարցնում են, ասում են՝ բյուջեի դեֆիցիտն ինչքա՞ն է, ասում եք՝ թիվը չեմ կարող ասել։ Բա եթե դուք ֆինանսների նախարարն եք, թվերը չգիտեք, բա ի՞նչը գիտեք։ Բա եկել եք Ազգային ժողով բյուջեի նախագիծ ներկայացնելու ու բյուջեի առանցքային ցուցանիշներին չեք տիրապետում, բա ինչի՞ն եք տիրապետում»,- խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին՝ ՀՀ բյուջեի ճեղքվածքի մասին, նախարարը պատասխանել էր՝ հստակ թիվ չի հիշում, ապա հավելել, որ բյուջեի ճեղքվածքը 1 միլիարդ դոլարից ավել է։

Էդգար Ղազարյանը նախարարին հարցրեց․ «Ձեր կառավարությունը, որ եկել եք իշխանության (դուք մի քիչ ավելի ուշ եք նախարար եղել), վարչապետը 18 թվից Արցախի Հանրապետության կառավարությանը ամեն տարվա բյուջեով հատկացրել է միլիարդավոր դրամներ, այդ թվում՝ 2023 թվականի բյուջեով, երբ որ 2022 թվի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում։ Այդ գումարներով Արցախում ձեռք են բերվել հսկայական կապիտալ միջոցներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Որ խնդրեմ՝ ինձ կասե՞ք, մինչև հիմա ձեր կառավարությունը, որ 1991 թվականից Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ինչքա՞ն փող է տվել Արցախին, և Արցախի նյութական կորուստն ինչքա՞ն է, որ մեր ժողովուրդն իմանա՝ թե դուք ինչ չափի թալան եք իրականացրել ձեր պաշտոնավարման շրջանում, ոնց եք կեղեքել ու թալանել մեր ժողովրդին։ Այդ թալանի չափը գնահատե՞լ եք, կարո՞ղ եք ասել»։

Ապա նախարարի հայտարարագրած կարողությունից հարց տվեց․ «Դուք հայտարարագրել եք 27 միլիոն 310 000 դրամի աշխատավարձ, որը ամսեկան կազմում է 2 միլիոն 275 000, ինչը օրենքով սահմանված աշխատավարձի չափից կրկնակի ավել է։ Գոնե կարո՞ղ եք մեր ժողովրդին ասել, թե մեր պետությանը այդքան վնաս տալուց, այդքան թալանելուց ու կեղեքելուց հետո, մի հատ էլ ինչի՞ եք աշխատավարձի գծով լրացուցիչ թալանում մեր բյուջեն, և պատրաս՞տ եք միլիոն առ միլիոն այդ գումարները վերադարձնել (որովհետև ձեր պարագայում կոպեկ առ կոպեկ չի, միլիոն առ միլիոն) վերադարձնել մեր ժողովրդին»։

Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր աշխատանքի համար ստանում է այն աշխատավարձը, որը սահմանված է, որը իրեն վճարում է կառավարությունը, իսկ իր ստացած եկամուտները թափանցիկ հայտարարագրել է․ «Եթե ձեզ դուր չի գալիս իմ ստացած եկամուտը, կարող եք համապատասխան կարգով… չգիտեմ ինչ անել»։

Վահե Հովհաննիսյանին օգնության հասավ ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ ասելով․ «Լսեցինք հաղորդում հանցագործության մասին, մասնավորապես այն մասին, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Ղարաբաղին տրամադրված գումարները թալանվել են, փաստորեն։ Պնդում են, որ իրավապահ համակարգը պետք է զբաղվի այս հարցով՝ տեսնի՝ այդ ովքե՞ր են այդ թալանողները։ Մասնավորապես՝ այն օրը լսումներին այստեղ Ղարաբաղից ինչ-որ իրենք պաշտոնյա հռչակած մարդիկ են… Հլը տեսնեք՝ կարո՞ղ է իրենք են թալանել, ո՞վ է թալանել այդ գումարը»։

Ապա` Վահե Հովհաննիսյանին առաջարկեց թեթև մաթեմատիկական հաշվարկ անել․ «Եթե ինչ-որ մի բարերարի պատկանող ընկերություն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին մենաշնորհով ինչ-որ բան է մատակարարում՝ օրինակ՝ էլեկտրաէներգիա, այդ սպառողների վճարած գումարով օրինակ գնում է սյուն՝ հենասյուն սովորական, որի համար վճարում է 100 000 դրամ իրեն փոխկապակցված ընկերությանը, հետո այդտեղ կառավարումը փոխվում է ու պարզվում է, որ այդ նույն սյունը կարելի էր գնել 50 000 դրամով։ Պարոն Հովհաննիսյան, ինձ թվում է՝ բարդ մաթեմատիկա չի, դուք էլ ֆինանսների նախարարն եք։ Օրինակ՝ ըստ ձեզ, որքա՞ն է կազմել չարաշահումը այդ մախինացիայի մեջ, եթե այդ սյուների թիվն էլ առհասարակ 100 000-ից ավել է որպես այդպիսին։ Ըստ ձեզ, այսինքն՝ ի՞նչ ֆինանսական միջոցների մասին է խոսքը, որքա՞ն չարաշահման մասին է խոսքը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով ֆինանսների նախարարին․ «Կոռեկտ կլիներ, իմ գնահատմամբ, որ դուք ասեիք՝ կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը ունի բաժին ու մի 800 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, պիտի գնար այդ հենասյուների արժեքը ճշտեր, ու եթե էսօր Մեսրոպ Մեսրոպյանը դատված չի, եթե Գարիկ Բաղրամյանը դատի չի, բարոյական չի ընդհանրապես դրանից խոսելը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment