Գյումրիի ավագանին միաձայն հավանություն է տվել Վարդանանց հրապարակի գլխավոր տոնածառի և քաղաքի փողոցների ամանորյա ձևավորման համար 37 միլիոն 350 հազար դրամ հատկացնելուն։
Ամանորյա ձևավորման աշխատանքները չեն սահմանափակվի քաղաքի կենտրոնով և կընդգրկեն նաև Գյումրիի տարբեր փողոցներն ու թաղամասերը, հայտնում է Արմենպրեսը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջիկա ամանորյա տոներին ընդառաջ անհրաժեշտ է ապահովել քաղաքի պատշաճ ձևավորումը՝ գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար ստեղծելով բարեկարգ ու տոնական միջավայր։
Նախկինում օգտագործված զարդարանքների մի մասը ժամանակի ընթացքում մաշվել կամ վնասվել է։ Այդ պատճառով նախատեսվում է ձեռք բերել նոր զարդարանքներ, վերականգնել արդեն առկա լուսավորության համակարգերն ու դեկորատիվ տարրերը՝ ապահովելով դրանց անվտանգ հետագա շահագործումը։
Հատկացված ֆինանսական միջոցները կփոխանցվեն մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությանը։ Աշխատանքների մեկնարկը նախատեսվել է դեկտեմբերի 7-ից։
Ավագանու անդամներն առաջարկել են քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունն ավելի շուտ անցկացնել։
Մեկ այլ որոշմամբ համայնքի ավագանին հաստատել է Ամանորի միջոցառումների շրջանակում նվերների տոնական փաթեթներ ձեռք բերելու նպատակով ֆինանսական միջոցների տրամադրումը։ Ամանորյա նվերներ կստանա համայնքապատկան մանկապարտեզներ հաճախող 2781 երեխա։ Տոնական փաթեթներ նախատեսվել են նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար։
Նիստի ընթացքում հավանության է արժանացել նաև Գյումրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու առաջարկը։ Քննարկման առարկա են դարձել շրջիկ առևտրի կազմակերպման և փողոցային առևտրի կարգավորման հարցերը։
Արձանագրվել է, որ Շահումյան փողոցի ու Հաղթանակի պողոտայի առանձին հատվածներում դեռևս փողոցային առևտուր է իրականացվում։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն ընդգծել է խնդրի լուծման հարցում խիստ ու հետևողական գործելակերպի անհրաժեշտությունը՝ հավաստիացնելով, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են վերահսկողական աշխատանքները՝ փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով։
Ավագանու նիստի օրակարգային մյուս հարցերն առնչվել են համայնքի ֆինանսական ռեսուրսների բաշխմանը, համայնքային սեփականության կառավարմանը, հողատարածքների օտարմանն ու վարձակալության տրամադրմանը, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և քաղաքային տնտեսության ոլորտների խնդիրներին։