ՀՀ Ազգային ժողովը չորեքշաբթի կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել առանձին խախտումների համար սահմանված տուգանքների չափերն ու տուգանային միավորների քանակը, ինչպես նաև նոր պահանջներ սահմանել էլեկտրական ինքնագլորների օգտագործման համար։
Նրա խոսքով՝ իրականացված ուսումնասիրություններն ու մշտադիտարկումները ցույց են տվել, որ ճանապարհային երթևեկության որոշ խախտումներ էականորեն նպաստում են խցանումների առաջացմանը, մինչդեռ դրանց համար սահմանված տուգանքներն ու տուգանային միավորները համաչափ չեն խախտումների ծանրությանը։
«Այս տեսանկյունից, մենք առաջարկում ենք վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք հոդվածներում իրականացնել խստացումներ», – նշել է Մկրտչյանը։
Ո՞ր տուգանքներն է առաջարկվում բարձրացնել
Առաջարկվում է «Մուտքն արգելվում է» և «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները խախտելու համար նախատեսված տուգանքը 5 հազար դրամից բարձրացնել մինչև 20 հազար դրամ։ Այս խախտումների համար նախատեսվում է նաև սահմանել 2 տուգանային միավոր։
«Կանգառն արգելվում է» նշանի պահանջը խախտելու դեպքում առաջարկվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Երևանում երթևեկելի մասի երկրորդ կամ երրորդ շարքում, ինչպես նաև հանրային տրանսպորտի կանգառներում կայանելու համար նախատեսված տուգանքն առաջարկվում է 5 հազար դրամից բարձրացնել մինչև 20 հազար դրամ, իսկ տուգանային միավորների քանակը՝ 0,25-ից հասցնել 1-ի։
Սխալ կայանված ավտոմեքենայի տարհանման (էվակուացիայի) դեպքում տուգանքի չափը նախատեսվում է 20 հազար դրամից բարձրացնել մինչև 29 հազար դրամ, իսկ տուգանային միավորների քանակը՝ 0,5-ից հասցնել 1-ի։
Բացի այդ, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար առաջարկվում է տուգանքը 5 հազար դրամից բարձրացնել մինչև 20 հազար դրամ և սահմանել 1 տուգանային միավոր։
Թմրամիջոցների օգտագործման հայտնաբերման ստուգումներ
Նախագծով նախատեսվում է վարորդներին անմիջապես տեղում թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ ստուգման ենթարկելու հնարավորություն՝ համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ թքի միջոցով։
Միաժամանակ, թմրամիջոցների ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար նախատեսված պատիժը՝ վարորդական իրավունքից երկու տարով զրկելը, կմնա անփոփոխ։
Նոր պահանջներ էլեկտրական ինքնագլորների համար
Փոփոխությունների առանձին հատվածը վերաբերում է անհատական շարժունակության միջոցներին, մասնավորապես՝ էլեկտրական ինքնագլորներին։
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է դրանց վարումը թույլատրել 16 տարին լրացած անձանց, իսկ հետիոտնային գոտիներում երթևեկության առավելագույն արագությունը սահմանափակել 10 կմ/ժ-ով։
Արագության սահմանափակման պահպանումն ապահովելու նպատակով նախատեսվում է ստեղծել իրավական հիմք այնպիսի տեխնիկական սարքերի կիրառման համար, որոնք հնարավորություն կտան ոչ միայն չափել, այլև ավտոմատ կերպով սահմանափակել էլեկտրական ինքնագլորների արագությունը։
Լրացուցիչ առաջարկների թվում են նաև Road Control հավելվածի օգտատերերի պարտադիր նույնականացումը ID քարտով և նույն ավտոմեքենայի վերաբերյալ ոստիկանություն ուղարկվող տեսագրությունների քանակի սահմանափակումների վերացումը։