«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Մայիս Եղոյանի առողջական ծանր վիճակի և պատշաճ բժշկական օգնության ապահովման վերաբերյալ Դիտորդների խմբի ահազանգերը շարունակում են մնալ առանց առարկայական արձագանքի
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Դիտորդների խումբ) խորը մտահոգություն է հայտնում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող Մայիս Եղոյանի առողջական վիճակի, անհրաժեշտ բժշկական օգնության և ամենօրյա խնամքի ապահովման վերաբերյալ արձանագրված խնդիրների, ինչպես նաև իրավասու պետական մարմինի՝ ՀՀ Առողջապահության նախարարության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից առարկայական արձագանքման բացակայության կապակցությամբ։
Ազատությունից զրկված անձի առողջական ծանր վիճակի վերաբերյալ բազմակի ահազանգերի պայմաններում պետական մարմինների պարտականությունը չի սահմանափակվում ընդհանուր իրավական պարզաբանումներ տրամադրելով։ Այն ենթադրում է առողջական ռիսկերի ժամանակին գնահատում, անհրաժեշտ բժշկական միջամտությունների կազմակերպում, պատշաճ խնամքի ապահովում և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ հիմնավորված արձագանք։
2026 թվականի նոյեմբերի 7-ին Դիտորդների խումբն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ մշտադիտարկելու ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, առողջության պահպանման իրավունքի իրացումը և բժշկական օգնության հասանելիությունը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանացել հիմնարկի հիվանդանոցային բաժանմունքում գտնվող Մայիս Եղոյանի առողջական վիճակը։
Դիտորդների խմբի անմիջական դիտարկմամբ՝ Մայիս Եղոյանը գտնվել է անկողնային վիճակում, ունեցել է արտահայտված ընդհանուր թուլություն, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն։ Նրա մոտ տեղադրված է եղել միզային կաթետեր, իսկ մեզն ունեցել է արտահայտված մուգ, գրեթե սև գունավորում։ Մահճակալի մոտ առկա է եղել շուրջ հինգ լիտր տարողությամբ տարա, որը, ըստ անձի բացատրության, օգտագործվել է կաթետերի պարկը դատարկելու նպատակով։
Մայիս Եղոյանի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը նախկինում գնահատվել է ծանր՝ 70 տոկոս, իսկ 2026 թվականի նոյեմբերին իրականացված կրկնակի գնահատմամբ՝ կրկին ծանր՝ 68 տոկոս։
Նրա հաղորդմամբ՝ առողջական վիճակը վատթարացել է։ Սեպտեմբերի 29-ի այցից հետո իրենից վերցվել է արյան նմուշ, սակայն հետազոտության արդյունքները չեն տրամադրվել։ Միզային կաթետերը, ըստ իր հաղորդման, վերջին անգամ փոխվել է շուրջ երեք-չորս ամիս առաջ, իսկ տեղադրման հատվածում մշտապես զգում է ցավ և այրոց։
Անձի հաղորդմամբ՝ ինքնուրույն փոխում է տակդիրը և դատարկում կաթետերի պարկը՝ չնայած ֆունկցիոնալ ծանր սահմանափակումներին։ Խուսափում է բավարար չափով սնվելուց՝ խնամքի դժվարությունների պատճառով։ Անձնական հիգիենան հիմնականում ապահովում է խոնավ կտորներով, իսկ պատշաճ լոգանքը, իր հաղորդմամբ, վերջին մեկ տարում կազմակերպվել է ընդամենը երկու անգամ։ Նմանատիպ հանգամանքներ Դիտորդների խումբը արձանագրել է նաև 2026 թվականի սեպտեմբերի 29-ի այցի ընթացքում։
Նշված հանգամանքները պահանջում են անհապաղ մասնագիտական բժշկական փորձագիտական գնահատում։ Դիտորդների խումբը չի կանխորոշում դրանց բժշկական պատճառները և չի ներկայացնում չհաստատված ախտորոշումներ։
Դիտորդների խումբը Մայիս Եղոյանի առողջական վիճակի և պատշաճ խնամքի խնդիրների վերաբերյալ իրավասու մարմիններին տեղեկացրել է դեռևս 2025 թվականի դեկտեմբերից։ 2026 թվականի նոյեմբերի 12-ին Խումբը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ պահանջելով համակողմանի ուսումնասիրություն, անհրաժեշտ հետազոտություններ և բուժօգնություն, նախկին հետազոտությունների արդյունքների պարզաբանում, ինչպես նաև պատժի հետագա կրման հետ առողջական վիճակի համատեղելիության գնահատում։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ 2026 թվականի նոյեմբերի 17-ի պատասխան գրությամբ, ըստ Դիտորդների խմբի գնահատման, առարկայական պարզաբանումներ չեն տրամադրվել իրականացված կամ նախատեսվող հետազոտությունների, բուժման, խնամքի և առողջական վիճակի գնահատման վերաբերյալ։ Պատասխանում հիմնականում ներկայացվել են բժշկական օգնության և բժշկական գաղտնիքի վերաբերյալ ընդհանուր կարգավորումներ։ Հարկ է նշել, որ Դիտորդների խմբի գրությանը կցվել են անձանց համաձայնության թերթիկները։
Բժշկական գաղտնիքի պահպանումը կարևոր իրավական երաշխիք է, սակայն այն չի վերացնում իրավասու մարմինների՝ առողջական ծանր վիճակի վերաբերյալ ահազանգերն ուսումնասիրելու և օրենքով թույլատրելի շրջանակում հիմնավորված արձագանք տրամադրելու պարտականությունը։ Տեղեկությունների տրամադրման իրավաչափ ծավալը պետք է որոշվի գործող օրենսդրությամբ և համաձայնության բովանդակությամբ։
ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորվում է մարդու արժանապատվության անխախտելիությունը, 24-րդ հոդվածով՝ կյանքի իրավունքը, 25-րդ հոդվածով՝ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, իսկ 85-րդ հոդվածով՝ առողջության պահպանման իրավունքը՝ օրենքին համապատասխան։
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածը կարգավորում է դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը, իսկ 135-րդ հոդվածը՝ հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդության ընթացակարգը։ Ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճանն ինքնին չի նշանակում պատժից ազատման հիմքի առկայություն, սակայն պահանջում է պատշաճ բժշկական և իրավական գնահատում։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը պաշտպանում է կյանքի իրավունքը, իսկ 3-րդ հոդվածը արգելում է խոշտանգումները և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքը։ ՄԻԵԴ-ի՝ Kudła v. Poland (2000) գործով ձևակերպված սկզբունքների համաձայն՝ պետությունը պարտավոր է ապահովել ազատությունից զրկված անձի առողջության և բարեկեցության պատշաճ պաշտպանությունը՝ անհրաժեշտ բժշկական օգնությամբ։
ՄԱԿ-ի Նելսոն Մանդելայի կանոնների 24–27-րդ կանոնները շեշտում են պետության պատասխանատվությունը բանտային առողջապահության համար, բժշկական ծառայությունների համարժեքությունը, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը և անհետաձգելի ու մասնագիտացված բուժօգնության հասանելիությունը։
Եվրոպական բանտային կանոնների (Rec(2006)2-rev) 39–40-րդ, 43.3-րդ, 44-րդ և 46.1-րդ կանոններն ընդգծում են առողջության պաշտպանության, բուժօգնության կազմակերպման, հիգիենայի պայմանների գնահատման և անհրաժեշտ մասնագիտացված բուժման հասանելիության պահանջները։ Այս կանոնները կարևոր չափորոշիչներ են։
Արձանագրված հանգամանքների ամբողջությունը վկայում է առողջության և արժանապատիվ պահման պայմանների հետ կապված լուրջ ռիսկերի մասին։ Պատշաճ բժշկական օգնությունը չի սահմանափակվում դեղորայքի նշանակմամբ կամ պարբերական զննությամբ. այն ներառում է բուժման շարունակականություն, անհրաժեշտ հետազոտություններ, ամենօրյա խնամք, սնուցում, հիգիենա և առողջական վիճակին համապատասխան կենսապայմաններ։
Ելնելով վերոգրյալից՝
Դիտորդների խումբը պահանջում է․
- Անհապաղ կազմակերպել Մայիս Եղոյանի առողջական վիճակի համակողմանի բժշկական գնահատում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նեղ մասնագետների և կազմակերպելով տեղափոխում մասնագիտացված բուժհաստատություն։
- Պարզել արձանագրված ախտանշանների և գանգատների պատճառները, գնահատել կաթետերի վիճակը և բժշկական ցուցումներով իրականացնել անհրաժեշտ հետազոտությունները։
- Ապահովել առողջական վիճակին համապատասխան ամենօրյա մասնագիտական խնամք, հիգիենա, սնուցման կարիքների գնահատում և անկողնային վիճակի բարդությունների կանխարգելում։
- Պարզել նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքները և ապահովել անձի տեղեկացումը և բժշկական փաստաթղթերին օրինական հասանելիությունը։
- Գնահատել առողջական վիճակի համատեղելիությունը պատժի հետագա կրման հետ և իրավական հիմքերի առկայության դեպքում նախաձեռնել համապատասխան ընթացակարգը։
- Ուսումնասիրել մինչ օրս տրամադրված բուժօգնության և խնամքի պատշաճությունը, հնարավոր ուշացումներն ու բացթողումները։
- Դիտորդների խմբին տրամադրել առարկայական, հիմնավորված պատասխան՝ ձեռնարկված միջոցառումների և արդյունքների վերաբերյալ՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության պահանջները և հաշվի առնելով տրամադրված համաձայնությունը։
Ազատազրկման պայմաններում առողջության պահպանման իրավունքի արդյունավետ պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է։ Առողջական ծանր վիճակում գտնվող անձի նկատմամբ պատշաճ բուժօգնության և խնամքի հնարավոր բացակայությունը պահանջում է անհապաղ, անկախ և մասնագիտական գնահատում։
Դիտորդների խումբը շարունակելու է հետևողական հասարակական վերահսկողություն իրականացնել Մայիս Եղոյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման և իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների նկատմամբ։
Մարդու արժանապատվությունը, կյանքը և առողջությունը ենթակա են պաշտպանության նաև ազատազրկման պայմաններում։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: