Bloomberg-ը Մեծ Բրիտանիայի ծրագրերը համեմատել է խորհրդային անեկդոտի հետ

Մեծ Բրիտանիայի զարգացման տասնամյա ծրագիրը, որը պատրաստում է վարչապետ Էնդի Բերնհեմը, հիշեցնում է հին խորհրդային անեկդոտ։ Չնայած լայնածավալ փոփոխությունների խոստումներին՝ բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման ժամկետները շարունակաբար հետաձգվում են, իսկ որոշ բարեփոխումներ կարող են ձգվել մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները։

Այս մասին գրում է Bloomberg-ի սյունակագիր Մարտին Այվենսը։ Նրա կարծիքով՝ բրիտանական իշխանությունները ռիսկի են դիմում տարիներով հետաձգել առանցքային որոշումները՝ չնայած տնտեսական հրատապ բարեփոխումների անհրաժեշտությանը։

Հեղինակը ստեղծված իրավիճակը համեմատում է խորհրդային մի հին անեկդոտի հետ, որի հերոսը մեքենա է պատվիրում և տեղեկանում, որ այն կստանա միայն տասը տարի անց։ Գնորդը ճշտում է, թե օրվա որ ժամին կարող է վերցնել մեքենան։ Վաճառողի զարմացած հարցին նա պատասխանում է, որ կեսօրից հետո իր տուն պետք է գա սանտեխնիկը։

Բերնհեմը խոստացել է Մեծ Բրիտանիայի զարգացման տասնամյա ծրագիրը ներկայացնել մինչև Սուրբ Ծննդյան խորհրդարանական արձակուրդը։ Ավելի վաղ Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոքը քննադատել էր կառավարությանը հստակ ծրագրերի բացակայության և ռազմավարության մշակման գործում Boston Consulting Group խորհրդատվական ընկերությանը ներգրավելու համար։

Bloomberg-ի տեղեկություններով՝ վարչապետն արդեն ունի առողջապահության համակարգի տասնամյա վերափոխման ծրագիր և Ազգային խնամքի ծառայություն ստեղծելու նախաձեռնություն։ Բացի այդ, քննարկվում է Եվրամիության հետ հարաբերությունների սերտացումը։ Այնուամենայնիվ, բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման ժամկետները դեռևս հստակեցված չեն։

Կառավարության առաջիկա կարևոր փորձություններից մեկը երիտասարդների սոցիալական նպաստների և զբաղվածության համակարգի բարեփոխումն է։ Դրա առաջարկները մշակել է առողջապահության նախկին նախարար Ալան Միլբերնը։

Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ երկրում 16-24 տարեկան շուրջ 981 հազար մարդ կա, որը չի աշխատում, չի սովորում և մասնագիտական պատրաստություն չի անցնում։ Նրանցից մոտ 200 հազարը ստանում է առողջական վիճակի հետ կապված նպաստներ։

Միլբերնի առաջարկները նախատեսում են վերանայել երիտասարդներին վճարվող նպաստների տրամադրման պայմանները և ընդլայնել զբաղվածության ծրագրերը։ Աշխատելու ունակ քաղաքացիների համար կարող են խստացվել աշխատանք փնտրելու և զբաղվածության ծրագրերին մասնակցելու պահանջները։

Բարեփոխման իրականացման սկզբնական ծախսերը գնահատվում են շուրջ 6 մլրդ ֆունտ ստեռլինգ։ Միևնույն ժամանակ, սոցիալական նպաստների գծով պետական ծախսերի կրճատումը կարող է մի քանի տարի պահանջել։

Նախաձեռնությունների իրականացումը կարող է դիմադրության հանդիպել իշխող Լեյբորիստական կուսակցության ներսում, որի ներկայացուցիչները նախկինում դեմ են արտահայտվել սոցիալական աջակցության կրճատմանը։

Անգլիայի բանկի նախկին գլխավոր տնտեսագետ Էնդի Հալդեյնը նախազգուշացրել է, որ սոցիալական ապահովության ծախսերի հետագա աճը ռիսկեր է ստեղծում Մեծ Բրիտանիայի պետական ֆինանսների համար։

Bloomberg-ի սյունակագրի գնահատմամբ՝ տասնամյա ռազմավարությունն իրականացնելու համար Բերնհեմը պետք է բարեփոխումները դարձնի իր անձնական քաղաքական առաջնահերթությունը և չսահմանափակվի երկարաժամկետ խոստումներով։ Նպաստների համակարգի փոփոխության մանրամասն առաջարկները կառավարությունը մտադիր է ներկայացնել 2027 թվականի սկզբին։

Leave a comment