Քաղաքականություն
18.11.2026 | 13:56
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Հայաստանի արտահանման հնարավորություններին՝ նշելով, որ 2027 թվականին նպատակ է դրված ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը։ Նրա խոսքով՝ արտահանման ուղղություններն են լինելու ԵՏՄ շուկան, ԱՄՆ-ը, Մերձավոր Արևելքը, Չինաստանը, Հնդկաստանը և այլ երկրներ։
Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե 2025 թվականին պատերազմական իրավիճակի պատճառով ԱՄՆ դեսպանատունը քննարկել է Հայաստանից տարհանման հարցը՝ Պապոյանն ասել է, որ նման դրվագ չի հիշում և տեղեկացված չէ։ Նախարարը հակադարձել է՝ նշելով, որ 2025 թվականը Հայաստանի համար ֆանտաստիկ տարի է եղել՝ 7.1 տոկոս տնտեսական աճով, իսկ երկրում խաղաղություն է եղել։
Խոսելով Եվրամիություն արտահանման հնարավորությունների և փոքր ու միջին արտադրողների խնդիրների մասին՝ Պապոյանը նշել է, որ եվրոպական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է համապատասխանել որակի սահմանված չափանիշներին։ Նրա խոսքով՝ արդեն 53 ընկերություն գրանցվել է REX համակարգում՝ անմաքս արտահանում իրականացնելու նպատակով։ Նախարարը նաև հիշեցրել է պետական աջակցության ծրագրերի մասին, որոնք ուղղված են արտադրական տեխնոլոգիաների արդիականացմանն ու վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը։
Պապոյանն անդրադարձել է նաև Մոսկվայում նախատեսված նախարարական հանդիպմանը՝ պարզաբանելով, որ այն մասնակիորեն փոխվել է․ նախարարների մասնակցությունը վերջին պահին չի կայացել, և քննարկումները շարունակվում են փոխնախարարների մակարդակով։ Քննարկման հիմնական թեմաներից են ԵՏՄ նոր մաքսասակագնային քաղաքականության հարցերը։ Նախարարը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵՏՄ անդամ և կատարել կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորությունները։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Պապոյանը հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման։ Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվում են մի շարք կարևոր փոփոխություններ, այդ թվում՝ վարչապետի լիազորությունների որոշակի սահմանափակումներ, ինչպես նաև Ազգային ժողովի և ընդդիմության լիազորությունների ընդլայնում։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան