«Նոր սահմանադրությամբ ընդդիմության լիազորություններն ավելացել են»․ Գևորգ Պապոյան

«Մենք մեր առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա՝ լինի տնտեսական, թե քաղաքական առումով»,- հարցին՝ հնարավո՞ր է դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք երեք այցերից հետո հայ արտադրողների ապրանքների սահմանափակումների հետ կապված իրավիճակը մեղմվի, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նաև պարզաբանեց, թե ինչու ինքն այսօր չի մեկնել Մոսկվա ու ասաց․ «Օրակարգում հարցերը հետևյալ տրամաբանությամբ էին․ նախարարները պետք է հավաքվեին, մաքսասակագնային առևտրի կարգավորման հարցեր քննարկեին, գործընկեր երկու նախարարները վերջին պահին չեն կարողացել մասնակցել, որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը, փոխարենը փոխնախարարները, որոնք արդեն այնտեղ էին, կունենան հանդիպում»։

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի դիտարկումներին վերաբերող հարցերի առիթով էլ ասաց․ «Դա հակասության մասին չէ, դա կարծիք է։ Զարմանում եմ, որ զարմանում եք, որ մեր ներսում կարող են կարծիքներ հնչել»։

Հարցին՝ երեկ ՔՊ վարչության նիստին քննարկվե՞լ է սահմանադրության նոր տեքստը, ծանո՞թ է տեքստին, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Ծանոթ եմ Սահմանադրության տեքստին, կարող եմ ասել՝ այն պատրաստ է։ Երեկ քննարկվել է ՔՊ վարչության նիստում։ Տասից ավելի առաջարկություններ եմ արել, մեծ մասն ընդունվել է։ Նաև ուզում եմ ասել, որ հիմա դրվելու է հանրային քննարկման։ Կտեսնեք, որ ընդդիմության լիազորություններն էլ են ավելացել․ ընդդիմությունը տարբեր պետական մարմիններում հնարավորություն կունենա առաջադրել թեկնածություններ։ Վարչապետի լիազորությունների մի մասը գնում է ԱԺ հերիք չէ, ԱԺ-ում էլ կառավարող խմբակցության լիազորությունների մի մասը գնում է դեպի ընդդիմություն»։ Հարցին՝ այդպես եք արել, որ ընդդիմությունը կո՞ղմ քվեարկի, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Այդպես ենք արել, որ ավելի լավ պետություն ունենանք»։

Գևորգ Պապոյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment