Հայաստանն ու Օմանը նախատեսում են փոխադարձաբար վերացնել դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար մուտքի վիզայի պարտադիր պահանջը։
ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում ներառվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջից փոխադարձ ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկին հավանություն տալու հարցը, հայտնում է Արմենպրեսը:
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջից փոխադարձ ազատելու մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ ազատում մուտքի վիզայի պահանջից՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և տարածքից դուրս գալու համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծում ընդգծվել է, որ համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ընդլայնելու և խորացնելու Օմանի Սուլթանության հետ քաղաքական երկխոսությունը, դյուրացնելու տարբեր մակարդակներում պաշտոնական ու աշխատանքային փոխայցելությունների կազմակերպումն ու անցկացումը՝ նպաստելով երկկողմ կապերի հետագա զարգացմանը և համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանը։