Սի Ծինփին․ ՌԴ-Չինաստան հարաբերությունները կախված չեն համաշխարհային միտումներից

ՌԴ–Չինաստան հարաբերությունները լայն հեռանկարներ ունեն և կախված չեն համաշխարհային միտումներից։ Այս հայտարարությունն արել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շենժենում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Չինաստանի ղեկավարը խորհրդանշական է որակել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը։

«Մեր և Ձեր հաստատակամ առաջնորդությամբ չին-ռուսական հարաբերությունները ցանկացած դժվարությունների ու փոթորիկների ժամանակ եղել և մնում են ամուր ու անսասան, ինչպես լեռը»,– ասել է նա։

Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են խորացնել համագործակցությունը միջազգային հարթակներում, զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները և համատեղ ջանքեր գործադրել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։

Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը արդեն մի քանի տարի անընդմեջ գերազանցում է 200 մլրդ դոլարը։ Նրա գնահատմամբ` այս ցուցանիշը կշարունակի աճել 2026 թվականի արդյունքներով։

ՌԴ առաջնորդը հիշեցրել է, որ նախկինում 200 մլրդ դոլար ցուցանիշին հասնելը երկկողմ համագործակցության հիմնական նպատակներից մեկն էր։

Պուտինը նաև դրական է գնահատել ռուս-չինական հարաբերությունների դինամիկան՝ նշելով, որ դրանք զարգանում են 25 տարի առաջ ստորագրված բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի հիման վրա։

Ռուսաստանի նախագահն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարդասիրական և կրթական կապերի զարգացմանը։ Նա մասնավորապես տեղեկացրել է, որ մտադիր է այցելել Շենժենի ռուս-չինական համատեղ համալսարան, որը հիմնադրվել է տասը տարի առաջ՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և Պեկինի պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա։

Հանդիպման սկզբում Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նրան անվանելով թանկագին ընկեր։ Նա նաև նշել է Շենժենի արագ զարգացումը, որը, նրա խոսքով, վերածվել է Չինաստանի տնտեսական վերելքի խորհրդանիշի և օրինակելի մոդելի։

Բանակցությունները կայացել են նոյեմբերի 18–19-ը Շենչժենում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։

Սա տարեսկզբից Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հինգերորդ շփումն է և չորրորդ անձնական հանդիպումը։ Ավելի վաղ Պուտինը և Սի Ծինփինը տեսակապով էին զրուցել, մայիսին հանդիպել էին Պեկինում, ինչպես նաև զրուցել Ղրղզստանում ՇՀԿ–ի և Հնդկաստանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովների շրջանակում։

Sputnik Արմենիա

Leave a comment