Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նոյեմբերի 17-ին հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, թե Իսլամական Հանրապետությունը ծրագրում է Վաշինգտոնում քիմիական զենք կիրառել՝ դրանք որակելով անհեթեթություն։
«Վերջին 72 ժամվա ընթացքում պրոիսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, թե իբր Իրանը ծրագրում է Վաշինգտոնում քիմիական զենք կիրառել, ինչպես նաև հրթիռային բազաներ է կառուցում ամբարտակների տակ։ Սա անհեթեթություն է»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Արաղչին այս հաղորդումները համեմատել է Իրաքի պատերազմի ժամանակաշրջանի քարոզչության հետ՝ միաժամանակ նշելով, որ դրանցում ակնհայտ է իսրայելական հետքը։
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, զուգահեռաբար լրատվամիջոցներում տարածվել են նաև ենթադրություններ, թե Իրանի ջրային ենթակառուցվածքները կարող են կապված լինել երկրի հրթիռային ծրագրի հետ։ Մասնավորապես, նշվել է, որ երկրի ամբարտակների ընդարձակ ցանցը կարող է օգտագործվել «հրթիռների արտադրության հզորությունները թաքցնելու համար»։
Նոյեմբերի 16-ին CNN հեռուստաալիքը տեղեկություն է տարածել այն մասին, թե իբր Իրանը պատրաստվում է քիմիական զենքի կիրառմամբ հարձակում իրականացնել ԱՄՆ պաշտոնյաների դեմ։ Breitbart News պարբերականի հրապարակած փաստաթղթերում նշվել է, որ հետախուզությունը տեղեկություններ է ստացել Իրանի հնարավոր հարձակման կոնկրետ վայրերի և թիրախների մասին։ Բացի այդ, գաղտնալսվել են հաղորդագրություններ, որոնք կարող են վկայել պայթուցիկ սարքի պատրաստման համար անհրաժեշտ նյութերի նախապես տեղակայման մասին։