Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով Ստեփանավանի համայնքապետի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը, ասել է, որ իրենց մեղքն էլ եմ ընդունում՝ «Նուբարաշենի» պես բանտի գոյությունը խայտառակություն է:
«Ես մեր մեղքն էլ եմ ընդունում․ «Նուբարաշենի» պես բանտի գոյությունը, այո՛, խայտառակություն է, սա նոր բան չէ, որ ասում ենք, բայց մենք ձեզնից այնպիսի պետություն ենք ժառանգել, որտեղ հարյուրավոր դպրոցներ Նուբարաշենից վատ վիճակում են»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը, հայտնում է Auroranews.am-ը:
Նա ցավակցություն է հայտնել Արսեն Գևորգյանի հարազատներին, ընկերներին, նրանց, ովքեր մտերիմ են եղել։
«Բայց դուք փորձում եք ձեր գործընկերոջ մահը վահան սարքել ընտրակեղծարարության համար»,-ասել է նա:
Դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ նա հարցրեց, թե նրանցից քանի՞սն է «քեշ» գումար բաժանել։
«Իհարկե, ոչ մեկը, բա էդ տղուն ինչո՞ւ էիք այդ ֆունկցիան տվել»,- ասել է Ալեքսանյանը և նշել, որ մեղավորն այն մարդն է, ով այդ ֆունկցիան դրել է այդ մարդու վրա, և հարց բարձրացրել, թե այդ փողը որտեղի՛ց էր։
«Խոսել եք տալիս, ես չեմ ուզում այս թեմայով խոսել, որովհետև վատ եմ զգում այս թեմայից, որովհետև ես մինչև իր մահն էլ եմ բան խոսել ու մարդկայնորեն վատ եմ զգում, որ մարդը չկա, չի կարող արձագանքել, եթե այդ ամեն ինչը շինծու է, դուք այդ նույն բանը ինչո՞ւ չեք արել»,-նշել է նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը համարում է, որ բանտում կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահվան համար մեղավոր են վարչապետ «Նիկոլ Փաշինյանի դահիճները»։ Նա այդ մասին ասել է դատարանի դահլիճում լրագրողի հարցին ի պատասխան:
46-ամյա Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատարողական հիմնարկում՝ սրտի կաթվածից։ Նա 2 ամսով կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ լինելով Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու: