5 բիզնես մոդել, որոնցից արժե խուսափել 2027 թվականին

Եթե որոնողական համակարգերում փնտրեք «լավագույն բիզնես գաղափարները», կհանդիպեք նույն կրկնվող առաջարկներին՝ դրոփշիփինգ, ինֆլուենսերություն, սովորական մարքեթինգային գործակալություն կամ վաճառք Amazon հարթակում, գրում է Entrepreneur-ը։ Տեխնիկապես այս բոլոր տարբերակները դեռ կարող են աշխատել։ Սակայն «կարող է աշխատել»-ը և «այն, ինչի վրա իսկապես արժե ժամանակ ու գումար ներդնել այսօր» միանգամայն տարբեր բաներ են։

Էլեկտրոնային առևտրի և առցանց բիզնեսի ոլորտում մոտ մեկ տասնամյակի փորձը ցույց է տալիս, որ բիզնես մոդելի ընտրությունը գրեթե նույնքան կարևոր է, որքան հենց ձեռնարկատիրոջ հմտությունները։ Ուժեղ կառավարիչը կարող է հաղթահարել բարդ մոդելի դժվարությունները, բայց իմաստ չունի ընտրել մի ուղղություն, որը պահանջում է հսկայական ժամանակ, ունի չնչին շահութաբերություն կամ ստիպում է անընդհատ նոր հաճախորդներ փնտրել։

2027 թվականի շեմին առավել հեռանկարային են այն մոդելները, որոնք հիմնված են երեք առանցքային սկզբունքի վրա՝ լծակներ (leverage), պարբերական եկամուտ (recurring revenue) և համակարգվածություն։ Ստորև ներկայացված են հինգ բիզնես ուղղություններ, որոնք զրոյից սկսելիս արժե երկու անգամ մտածել, ինչպես նաև դրանց ավելի արդյունավետ այլընտրանքները։

1. Ինչից խուսափել. Սովորական SMM և մարքեթինգային գործակալություն

Մի քանի տարի առաջ սխեման պարզ էր. ներգրավել մի քանի տեղական հաճախորդների՝ ամսական 1,000-2,000 դոլար վճարով, աշխատանքը պատվիրակել այլ մասնագետների և ընդլայնվել։ Սակայն այսօր շուկան գերհագեցած է։ Սովորական գործակալությունները ստիպված են մրցակցել ֆրիլանսերների, արտասահմանյան թիմերի, ընկերությունների ներքին մասնագետների և գնալով ավելի զարգացող արհեստական բանականության (ԱԲ) գործիքների հետ։

Ինչ սկսել փոխարենը. Մասնագիտացված ԱԲ ավտոմատացման բիզնես

Անհրաժեշտ է լուծել մեկ թանկարժեք խնդիր՝ կոնկրետ ոլորտի բիզնեսի համար։ Օրինակ՝ օգնել ատամնաբուժական կլինիկաներին կապ հաստատել այն պոտենցիալ հաճախորդների հետ, որոնք հարցում են թողել, բայց չեն գրանցվել։ Կամ ստեղծել ԱԲ հաճախորդների սպասարկման համակարգեր առցանց խանութների համար, ավտոմատացնել հիշեցումներն ու հին հաճախորդների վերադարձը կենցաղային ծառայություններ մատուցող ընկերություններում։

Հնարավորությունը ոչ թե հենց ԱԲ տեխնոլոգիան վաճառելու մեջ է (բիզնեսներն իրենք էլ կարող են օգտվել դրանից), այլ հասկանալու, թե ինչը պետք է ավտոմատացնել և դա կապելու իրական ֆինանսական արդյունքի հետ։ «Սոցցանցերի կառավարումը» անորոշ ծախս է, մինչդեռ կորցրած հաճախորդների միջոցով հազարավոր դոլարների վերադարձը շատ հստակ է։ Պետք է վաճառել արդյունքը, ոչ թե տեխնոլոգիան։

2. Ինչից խուսափել. Ավանդական «ինքնուրույն» բիզնես Amazon-ում

Այն պատկերացումը, թե կարելի է աշխատանքից հետո բացել Seller Central հաշիվ, տեղադրել մի քանի ապրանք և ստանալ հեշտ պասիվ եկամուտ, գնալով ավելի է հեռանում իրականությունից։ Մատակարարների որոնումը, գնագոյացումը, մրցակցությունը, պահեստավորումը, հաճախորդների սպասարկումն ու հաշվի անվտանգությունը պահանջում են մշտական ուշադրություն։ Եթե նպատակը լիարժեք օպերացիոն կառավարիչ դառնալն է, դա ընդունելի է, բայց շատ մասնագետներ ցանկանում են ներգրավվել էլեկտրոնային առևտրում՝ առանց երկրորդ լրիվ դրույքով աշխատանք ստեղծելու։

Ինչ դիտարկել փոխարենը. Սեփականություն՝ առանց օպերացիոն կառավարման

Այն մարդկանց համար, որոնք ունեն ավելի շատ կապիտալ, քան ազատ ժամանակ, արժե դիտարկել պրոֆեսիոնալ թիմի կողմից կառավարվող առցանց խանութի ձեռքբերումը կամ հիմնումը։ Սեփականատերը ֆինանսավորում և տիրապետում է խանութին, իսկ փորձառու թիմը վճարի կամ շահույթի մասնաբաժնի դիմաց իրականացնում է ամենօրյա աշխատանքները՝ ճիշտ այնպես, ինչպես անշարժ գույքի սեփականատերն է վարձում գույքի կառավարչի։ Այս ներդրողները չեն փնտրում նոր զբաղմունք. նրանք փնտրում են ակտիվ։

Իհարկե, սա զերծ չէ ռիսկերից։ Շուկաները փոխվում են, վաճառքները՝ տատանվում, իսկ կանխատեսվող եկամուտը երբեք երաշխավորված չէ։ Ուստի մինչև ներդրում կատարելը անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել, թե ով է իրականում կառավարելու խանութը և ինչպես է հաշվարկվելու շահույթը։

3. Ինչից խուսափել. Սովորական դրոփշիփինգ խանութ

Գաղափարը գրավիչ է թվում՝ առանց պահեստավորման ծախսերի մատակարարն ուղղակիորեն ուղարկում է պատվերը հաճախորդին, իսկ վաճառողը ստանում է գների տարբերությունը։ Սակայն ամենաբարդ մասը հաճախորդ ներգրավելն է։ Այն խանութը, որը վաճառում է հարյուրավոր այլ կայքերում առկա նույն ապրանքները, չունի մրցակցային առավելություն և ստիպված է անընդհատ կախված մնալ վճարովի գովազդից ու նոր թրենդային ապրանքների անվերջ որոնումից։

Ինչ սկսել փոխարենը. Կրկնվող գնումների ներուժ ունեցող նեղ մասնագիտացված բրենդ

Խոսքը վերաբերում է գեղեցկության, կենդանիների խնամքի, հատուկ սննդի, անձնական հիգիենայի կամ հոբբիների համար նախատեսված սպառվող ապրանքներին։ Այստեղ ոլորտն ավելի քիչ կարևոր է, քան տնտեսական հաշվարկը։ Հիմնական հարցը հետևյալն է. «Եթե այսօր ծախսեմ 40 դոլար մեկ հաճախորդ ներգրավելու համար, կարո՞ղ է նա առաջիկա երկու տարում ինձ բերել 200 դոլարի արժեք»։

Գովազդը դադարում է աշխատել հենց այն պահին, երբ այն անջատում եք։ Մինչդեռ հավատարիմ հաճախորդների բազան, էլեկտրոնային փոստի ցուցակը և ճանաչելի բրենդը տարեցտարի ավելի թանկ ակտիվ են դառնում։

4. Ինչից խուսափել. Ընդհանուր թեմայով առցանց դասընթաց

Նախկինում փորձառությունը գրեթե բավարար էր. ձայնագրել վեցժամյա տեսանյութ, ստեղծել վաճառքի էջ և վաճառել դասընթացը 997 դոլարով։ Այսօր տեղեկատվությունը չափազանց հասանելի է՝ այդ թվում ԱԲ գործիքների շնորհիվ, և մարդիկ այլևս պատրաստ չեն բարձր գներ վճարել պարզապես ինֆորմացիայի համար։ Տեղեկատվությունն այլևս դեֆիցիտ չէ. դեֆիցիտ են իրական արդյունքները։

Ինչ կառուցել փոխարենը. Նեղ մասնագիտացված թվային պրոդուկտների էկոհամակարգ

Անհրաժեշտ է ստեղծել մի քանի կոնկրետ պրոդուկտներ, որոնք լուծում են նեղ և գործնական խնդիրներ՝ օրինակ՝ պատրաստի ձևանմուշներ (templates), հաշվիչներ, աշխատանքային սխեմաներ, տվյալների բազաներ, վճարովի համայնք կամ փոքր ծրագրային գործիք, և ստեղծել բովանդակություն հենց այդ լսարանի համար։ Օրինակ՝ Airbnb-ի ոլորտի մասնագետը կարող է հրաժարվել «997 դոլարանոց մաստեր-կլասից» և փոխարենն առաջարկել շահութաբերության հաշվիչ, մաքրման ստուգաթերթիկների համակարգ, հյուրերի հետ հաղորդակցման պատրաստի նամակներ և շուկայի փոփոխությունների մասին վճարովի տեղեկագիր։ Նման էկոհամակարգը շատ ավելի դժվար է փոխարինել ԱԲ-ին տրված մեկ հարցումով։

5. Ինչից խուսափել. Բիզնես, որն ամբողջությամբ կախված է անձնական բրենդից

Անձնական բրենդը հզոր գործիք է, բայց այն կարող է վերածվել վանդակի։ Եթե եկամուտը դադարում է հոսել այն պահին, երբ դադարում եք հրապարակումներ անել կամ հայտնվել տեսախցիկի առաջ, ապա դուք ստեղծել եք ոչ թե անկախ բիզնես, այլ պարզապես եկամտի աղբյուր։ Հնարավոր է՝ 25 տարեկանում հաճույքով օրական երեք տեսանյութ հրապարակեք, բայց արդյո՞ք կցանկանաք նույնն անել 35-ում։

Ինչ կառուցել փոխարենը. Բիզնես, որը ժամանակի ընթացքում կարող է աշխատել առանց հիմնադրի

Սա այն գլխավոր ֆիլտրն է, որը պետք է կիրառել գրեթե ցանկացած բիզնես գաղափարի նկատմամբ. «Կարո՞ղ է սա վերջիվերջո աշխատել առանց ինձ»։ Պարտադիր չէ, որ բիզնեսն առաջին իսկ օրվանից ինքնավար լինի, բայց պետք է ունենա հստակ ուղի՝ հիմնադրից կախվածությունից դեպի համակարգից կախվածություն։ Կարո՞ղ է մեկ ուրիշը զբաղվել հաճախորդների սպասարկմամբ։ Կարո՞ղ են վաճառքները դառնալ կրկնվող ու կանխատեսելի։ Կարո՞ղ են գործընթացները փաստաթղթավորվել։ Կշարունակե՞ն հաճախորդները գնումներ կատարել, երբ դուք արձակուրդում եք։

Եթե յուրաքանչյուր կարևոր գործառույթ կրկին բերում է դեպի հիմնադիրը, դա ազատություն չէ. դա պարզապես ինքնազբաղվածություն է՝ ավելի գեղեցիկ անվանումով։

Իրական հնարավորությունը «լծակների» մեջ է

2027 թվականի ամենահեռանկարային բիզնեսն իրականում կոնկրետ գաղափար չէ, այլ լծակների (leverage) ճիշտ կիրառում։ Արհեստական բանականությունը լծակ է տալիս մեկ աշխատակցին։ Ծրագրային ապահովումը լծակ է տալիս փոքր ընկերությանը։ Պարբերական եկամուտը լծակ է տալիս հաճախորդների ներգրավման հարցում։ Կառավարման թիմը լծակ է տալիս սեփականատիրոջը, իսկ կապիտալը՝ ներդրողին։ Իսկ համակարգերը ձեռնարկատերերին տալիս են ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը։

Ուստի՝ «Ո՞րն է այսօր ամենաթրենդային բիզնեսը» հարցնելու փոխարեն ավելի ճիշտ է հարցնել. «Ի՞նչ կարող եմ կառուցել կամ ձեռք բերել այսօր, որն աճելուն զուգընթաց ավելի ու ավելի քիչ կախված կլինի իմ ժամանակից»։

  • Եթե կա քիչ կապիտալ, բայց շատ ժամանակ, կարող է հարմար լինել ԱԲ ավտոմատացման ծառայությունը։

  • Եթե կա ապրանքների և բրենդինգի իմացություն, արժե դիտարկել նեղ մասնագիտացված սպառողական բրենդի ստեղծումը։

  • Եթե կա մասնագիտական փորձ, բայց չկա ինֆլուենսեր դառնալու ցանկություն, թվային պրոդուկտները կարող են այդ փորձը վերածել ակտիվի։

  • Իսկ եթե կա կապիտալ, բայց քիչ ազատ ժամանակ, ուշադրության է արժանի պրոֆեսիոնալ կառավարմամբ բիզնեսը։

Լավագույն բիզնեսը միշտ չէ, որ այն է, ինչը այսօր ամենաշատ գումարն է բերում։ Լավագույնը կարող է լինել այն բիզնեսը, որը ժամանակի ընթացքում դադարում է ձեր անմիջական ներկայության կարիքն ունենալ՝ յուրաքանչյուր դոլարը վաստակելու համար։ Ի վերջո, ժամանակն ամենաթանկ ռեսուրսն է։

Leave a comment