Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը Factor TV-ի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Սահմանադրական հանրաքվեի անցկացմանն ու հավանական ռիսկերին, Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի հեռանկարներին և արտաքին քաղաքական մարտահրավերներին։

Խոսելով նոր Սահմանադրության ընդունման գործընթացի մասին՝ Խաժակյանը շեշտել է, որ ընդդիմադիր դաշտը գործիքակազմ ունի այն կասեցնելու համար։ «Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվեն, հուսանք՝ մանդատագողություն չի լինի»,- նշել է նա։ Անդրադառնալով այս գործընթացում իշխանության գործելաոճին՝ քաղաքական գործիչն ընդգծել է. «ԱԺ ընդդիմության առաջնորդները կալանավորված են՝ Փաշինյանի ասած «համոզելու» շրջանակում, որպեսզի կողմ քվեարկեն հանրաքվեին»։

Անցում կատարելով արտաքին քաղաքական վեկտորին և Եվրաինտեգրման օրակարգին՝ բանախոսը մեկնաբանել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի դիրքորոշումը. «Վատ չէ, որ Արմեն Գրիգորյանը դեմ է իշխանության քաղաքականությանը, թող պատմի՝ ինչու՞ որոշվեց ԵՄ գնալու օրենքն ընդունել»։
Ավելին, Խաժակյանը կանխատեսում է, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ շփումներում փորձելու են արդարանալ այս քայլերի համար։ «Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը կփորձի մեղմել ՌԴ-ի սանկցիաները, կասի՝ լուրջ մի վերաբերվեք ԵՄ գնալու օրենքին»,- ասել է նա՝ հավելելով, որ իրականում «ՀՀ-ն շանս չունի ԵՄ-ին անդամակցել առաջիկա 13 տարում. Վրաստանն ու Ուկրաինան 13 տարում չեն անդամակցել»։

Հարցազրույցի առանցքային թեմաներից էր Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրության փոփոխման վտանգավորությունը։ Ըստ Խաժակյանի՝ իշխանությունը ի սկզբանե սխալ է գործել. «Չպիտի ընդունվեր, որ խնդիր կա Սահմանադրությունում»։

Նա զգուշացրել է, որ գործընթացը կարող է աղետալի հետևանքներ ունենալ, քանի որ «եթե նույնիսկ ընդդիմությունը համաձայնվի հանրաքվեին, իրատեսական չէ, որ ժողովուրդը կողմ քվեարկի նոր Սահմանադրությանը»։

Այս համատեքստում քաղաքական գործիչը մատնանշել է Բաքվի իրական նպատակը. «Շատ ռիսկային է «Ոչ»-ի հաղթանակը, կստացվի՝ ժողովուրդը դեմ է պայմանագրի կնքմանը։ Ադրբեջանը միտումնավոր է պահանջում հանրաքվե, որ տապալվի, և ՀՀ-ին մեղադրի ռևանշիզմի մեջ»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment